Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիայում բնակվող մահմեդական կանայք այլեւս չեն կարողանա հասարակական վայրերում ու փողոցներում դեմքն ամբողջությամբ ծածկած երեւալ: 150 եվրո տուգանք նախատեսող օրենքն ուժի մեջ է մտնում այսօր. տեղեկացնում է «Ֆրանս պրեսը»:
Օրենքի նախաձեռնողը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» պահպանողական կուսակցությունն է, որի առաջնորդ, երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին բազմիցս հայտարարել է, որ ամբողջությամբ դեմքը ծածկելը վիրավորում է կնոջ արժանապատվությունը:
Օրենքով արգելվում են իրանական փարանջան եւ արաբական նիկաբը:
Անցյալ տարվա հուլիսին եւ սեպտեմբերին այս օրենքը հավանության է արժանացել ֆրանսիական խորհրդարանի երկու պալատներում, իսկ հոկտեմբերին` Սահմանադրական խորհրդի կողմից:
Մոտ մեկ ամիս առաջ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոն շրջաբերական է տարածել, որում պարզաբանվում են նոր կանոնները: Իշխանությունները նաեւ վարչական հիմնարկներում պաստառներ են փակցրել` «Հանրապետությունն ապրում է բաց դեմքով» կարգախոսով, ստեղծվել է www.visage-decouvert.gouv.fr կայքը:
Ի դեպ, մահմեդական կանանց օրենքը թույլատրում է իրենց ազգային հագուստը կրել տանը, հյուրանոցային համարներում, փակ միջոցառումների ժամանակ: Եթե պարզվի, որ կնոջը ստիպել են հասարակական վայրում փակ դեմքով երեւալ, այդ անձին սպառնում է 1 տարվա ազատազրկում եւ 30 հազար եվրո տուգանք, եթե պարտադրանքի ենթարկվածն անչափահաս է` 2 տարվա ազատազրկում եւ 60 հազար եվրո տուգանք:
Մահմեդականները, բնականաբար, բողոքում են. Փարիզի ոստիկանությունն այսօր ձերբակալել է 61 մարդու, ներառյալ` 19 կնոջ, Փարիզում անօրինական ցույցեր կազմակերպելու համար: