Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամեն անգամ բերանը բացելիս ամոթալի վիճակի մեջ է գցում իրեն եւ իր կառավարությանը: Նրա ցասումնալի, հաճախ նաեւ ապշեցուցիչ եւ վիրավորական հայտարարությունները Թուրքիայի համար վատ համբավ են ստեղծում միջազգային ասպարեզում եւ մի նոր զենք են դառնում իր ընդդիմադիրների ձեռքին:
Մեկ տարի առաջ Էրդողանը սպառնաց 100 հազ հայերի արտաքսել Թուրքիայից, դրանով իսկ ամբողջ աշխարհին հիշեցնելով, որ Անկարայի ներկայիս ղեկավարները այնքան էլ չեն տարբերվում իրենց արյունախում նախնիներից, որոնք 1.5 միլիոն հայերի էին արտաքսել եւ կոտորել 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ: Խիստ քննադատության ենթարկվելով երկրի ներսում եւ արտերկրում, Էրդողանը արդարացավ, թե նա ցանկացել է արտաքսել Հայաստանից եկած այն աշխատողներին, որոնք փաստաթղթեր չեն ունեցել: Երբ նրան ասացին, որ 100 հազար հայերի թվում ընդգրկված են թե տեղացի, եւ թե օտարերկրյա հայերը, վարչապետը մեղադրեց իր օգնականներին` հայ ազգաբնակչության վերաբերյալ իրեն սխալ տվյալներ տրամադրելու համար:
Այս ամսվա սկզբին Կարս կատարած այցելության ժամանակ Էրդողանը եւս մեկ անտակտություն թույլ տվեց, երբ պահանջեց քանդել «Հայաստան-Թուրքիա բարեկամությունը» խորհրդանշող վիթխարի հուշարձանը: Ավելի քան 30 մետր բարձրություն եւ 1500 տ քաշ ունեցող անավարտ հուշարձանը պատվիրել էր Կարսի նախկին քաղաքապետը` հուսալով, որ Հայաստանի հետ հաշտեցումն ու սահմանների բացումը կնպաստեն նրա քաղաքի թույլ տնտեսության զարգացմանը: Հուշարձանը պատկերում էր մի մարդու, որը բաժանված էր երկու մասի եւ բարեկամության ձեռք էր մեկնում իր մյուս կեսին: Հուշարձանն անվանելով «տարօրինակ» եւ «այլանդակ», վարչապետը կոչ արեց նոր քաղաքապետին մինչեւ իր հաջորդ այցելությունը քանդել 1.5 մլն դոլար արժողությամբ հուշարձանը:
Կարսի հուշարձանն անվանելով արվեստի «այլանդակ» ստեղծագործություն, Էրդողանը քննադատության հզոր ալիք բարձրացրեց եւ առաջ բերեց իրադարձությունների մի շղթա, որոնք ծաղրի առարկա դարձրին նրան ամբողջ աշխարհում.
• Էրդողանի քաղաքական ընդդիմախոսները մեղադրեցին նրան քաղաքի ադրբեջանցի ընտրողներին քծնելու մեջ, որոնք կտրականապես դեմ են Հայաստանի հետ որեւէ հաշտեցման: Նրանց կարծիքով, հուշարձանը քանդելու վարչապետի հրամանը պայմանավորված էր ընտրական կոպիտ դրդապատճառներով եւ ոչ թե նրա գեղարվեստական ճաշակով:
• Թուրքիայի մշակույթի նախարարը փորձեց փրկության հասնել Էրդողանին, պնդելով, թե վարչապետն արձանի շրջակայքում գտնվող հյուղակներն է «այլանդակե անվանել եւ ոչ թե հուշարձանը: Անդրդվելի մնալով, Էրդողանն անհարմար վիճակի մեջ գցեց իր նախարարին` նախատելով նրան եւ կրկնելով իր կողմից ավելի վաղ արված հայտարարությունը: Այնուհետեւ, քիթը խոթեց փոխվարչապետ Բյուլենթ Առինչը, մաղթելով, որ «Աստված օգնական լինի իրեն, եթե հանկարծ ինքն էլ հայտնվի այնպիսի անհարմար իրավիճակում, ինչպես Մշակույթի նախարարը»:
• Նույնիսկ Թուրքիայի այնքան համբավավոր Ահմեդ Դավութօղլուն ներքաշվեց այս հարցի մեջ` ապարդյուն փորձելով պաշտպանել վարչապետին: Դավութօղլուն հայտարարեց, որ հուշարձանի հետ կապված իրական խնդիրն այն է, որ «չի հաջողվել արձանը համահունչ դարձնել Կարս քաղաքի սելջուկյան, օսմանյան եւ ռուսական դիմագծին»: Բրիտանական The Economist հանդեսն իր սուր ծաղրական արձագանքով մեղադրեց Դավութօղլուն քաղաքի «Հայկական ժառանգության» ոչնչացման մեջ` հավելելով, որ «երկար ժամանակ լքված 10-րդ դարի հայկական եկեղեցին վերջերս վերաբացվեց որպես մզկիթ»:
• Հուշարձանի հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը, Էրդողանի հրամանը համեմատեց թալիբների կողմից Աֆղանստանում Բուդդայի հնագույն արձանների ոչնչացման հետ: Աքսոյը նախազգուշացրեց, որ հուշարձանը պայթեցնելու դեպքում Թուրքիայի վարկանիշն ահավոր կտուժի: Նա սպառնաց դատի տալ վարչապետին արվեստի իր ստեղծագործությունը վարկաբեկելու համար:
• Միջազգային լրատվամիջոցները խստորեն դատապարտեցին Էրդողանին` ծաղրելով նրա գեղարվեստական ճաշակն ու բացահայտելով նրա կոպիտ քաղաքական դրդապատճառները: The Wall Street Journal-ը, The Economist-ը, Associated Press-ը, Radio Free Europe-ը, Reuters, BBC-ն, Washington Post-ը, Liberation-ը եւ հարյուրավոր այլ լրատվական գործակալություններ քննադատեցին Էրդողանի կործանարար հրահանգը:
• Որոշ թուրք լրագրողներ կասկածի տակ առան վարչապետի իրավունքն ու լիազորությունը մի հուշարձան հանելու կամ քանդելու առումով:
• Հայաստանի արտգործնախարարը վրդովված արձագանքեց Էրդողանի հայտարարությանը եւ խորհուրդ տվեց նրան երկկողմ հարաբերությունների կարգավորման համար նոր հիմքեր կառուցել` դրանք քանդելու փոխարեն: Մեկնաբանների մեծ մասը վարչապետի վիրավորական խոսքերը ներկայացրին որպես վերջին մեխ` խփված հայ-թուրքական չվավերացված Արձանագրությունների դագաղին:
Չպետք է զարմանալ, որ Ադրբեջանի խորհրդարանի անդամ Մուբարիզ Գուրբանլին իր հիացմունքն արտահայտեց «Հայաստան-Թուրքիա բարեկամության» հուշարձանը քանդելու Էրդողանի հրամանի առնչությամբ: Գուրբանլին ճիշտ էր` նշելով, որ «Կարիք չկա հուշարձան կանգնեցնել Հայաստանի հետ գոյություն չունեցող բարեկամության առթիվ»:
Իհարկե, հուշարձաններ ոչնչացնելը նորություն չէ ադրբեջանական եւ թուրքական իշխանությունների համար: Մի քանի տարի առաջ Ադրբեջանը հազարավոր հայկական պատմական խաչքարեր ոչնչացրեց Նախիջեւանում գտնվող Ջուղայի գերեզմանոցում, ձգտելով մրցակցել թուրքական կառավարության հետ` հարյուրավոր հայկական եկեղեցիների եւ հուշարձանների զանգվածային ոչնչացման գործում` սկսած Հայոց ցեղասպանությունից: Իրոք, Էրդողանը պարզապես շարունակում է իր նախնիների դարավոր վատ ավանդույթը` հրամայելով քանդել Կարսի «բարեկամության» կոթողը:
Եթե Դավութօղլուն եւ Էրդողանը իսկապես անկեղծ են հայ-թուրքական բարեկամության աջակցության գործում, ապա նրանք պետք է անհապաղ քանդեն Իգդիրում 1997 թվականին կառուցված «ցեղասպանության» հրեշավոր հուշարձանը` բաղկացած դեպի երկինք ձգվող մոտ 40 մետրանոց հինգ սրերից` ձգտելով հավերժացնել այն մեծ սուտը, թե իբր հայերը սպանել են թուրքերին:
Հարութ Սասունյան