Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տասնմեկ տարի առաջ Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը երկարաձգեց Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին նպաստները չվճարած ապահովագրական ընկերությունների դեմ հայց ներկայացնելու վերջնաժամկետը մինչև 2010 թվականի վերջը։ Մինչև 2000 թվականը ապահովագրական ընկերություններին դատի տալ հնարավոր չէր, քանի որ հայց ներկայացնելու վերջնաժամկետը վաղուց անցել էր։
Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն` նման հայց ներկայացնելու ժամկետը 4 տարի է։ Նախորդ տասնամյակում, երբ հայցային վաղեմության ժամկետը երկարաձգվեց, ամերիկահայերին հաջողվեց ԱՄՆ դաշնային դատարաններում «Նյու Յորք Լայֆ» և ֆրանսիական «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերությունների դեմ հայց ներկայացնել։
Գերմանական ապահովագրական ընկերությունների և բանկերի դեմ սկսված լրացուցիչ դատական գործընթացները դեռևս ընթացքում են։ Վարույթի կողմ չհանդիսացող թուրքական կառավարության աջակցությամբ այդ գերմանական ընկերությունները օրենսդրի որոշումը դատարանում վիճարկելու անհաջող փորձ կատարեցին՝ պնդելով, որ Կալիֆոռնիայի օրինագծում Հայոց ցեղասպանության վկայակոչումը ոտնձգություն է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության նկատմամբ։
2010 թվականի դեկտեմբերի 31-ին, վերջնաժամկետը լրանալուց հետո, ամերիկահայ համայնքը դիմեց Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնին` հայցային վաղեմության ժամկետը ևս մեկ անգամ երկարաձգելու խնդրանքով, քանի որ պարզվել է, որ այլ ապահովագրական ընկերություններ ևս չեն վճարել «Ցեղասպանության ժամանակաշրջանի» հաճախորդներին հասանելիք գումարները։
Թուրքիայի կառավարության և ապահովագրական ընկերությունների կողմից հետագա դատական վիճարկումներից խուսափելու նպատակով ոմանք պնդեցին, որ գուցե անհրաժեշտ չլինի Կալիֆոռնիայի նոր օրինագծում վկայակոչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ ընկերությունները պայմանագրային պարտավորություն ունեն վճարել շահառուներին՝ անկախ մահվան պատճառից։ Այնուամենայնիվ, օրենսդիրը որոշեց տեղի չտալ թուրքական ճնշումներին և պահպանել Հայոց ցեղասպանության վկայակոչումը, հատկապես որ` Ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից հայց հարուցելու ժամկետի երկարաձգման հիմնավորումն այն էր, որ վերջիններս ժամանակին հայց ներկայացնելու համար, բնականաբար, չեն ունեցել անհրաժեշտ փաստաթղթերը՝ մահվան վկայականները և ապահովագրերը։
Ուշագրավ է, որ Կալիֆոռնիայի նահանգը ապահովագրության մասին օրինագծում Հայոց ցեղասպանությունը սահմանում է հետևյալ կերպ. «Օրենսդիրը ճանաչում է, որ 1915-1923 թվականների ընթացքում հայերի նախնիներից շատերը, ովքեր բնակվում էին այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում գտնվող պատմական Հայաստանի տարածքում, ենթարկվել են ջարդի, խոշտանգումների, սովամահության, մահվան երթերի և աքսորի։ Այս ժամանակաշրջանը հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն»։
2011 թվականի ապրիլի 14-ին Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր ժողովն ընդունեց նոր օրինագիծ (AB173), որով երկարաձգվում էր Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից ապահովագրական ընկերությունների դեմ հայց ներկայացնելու վերջնաժամկետը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը։ Չնայած ինքնակոչ «Կալիֆորնիայի Խաղաղության և արդարադատության թուրքական հանձնաժողովի» առարկություններին, օրինագիծը հաստատվեց 10-0 ձայներով Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովի իրավաբանական կոմիտեի կողմից և 61-0 ձայներով նահանգի լիակազմ օրենսդիր ժողովի կողմից։
AB 173-ը, որը պաշտոնապես սատարվում է Կալիֆոռնիայի սպառողների փաստաբանների և նահանգի Ամերիկյան դաշնության, Շրջանային և քաղաքային աշխատողների կողմից, ներկայացվել էր օրենսդիր մարմնի անդամ Մայք Գատտոյի կողմից 2011 թվականի հունվարի 20–ին։ Օրենսդիր մարմնի անդամ Կաչո Աչաջյանը դրա գլխավոր համահեղինակն էր։
Օրենսդիր ժողովի իրավական խորհրդատուն տվեց օրինագծի հետևյալ ամփոփ նկարագրությունը. «Գործող օրենքը թույլ է տալիս Հայոց ցեղասպանության ցանկացած զոհին, ինչպես սահմանվել է, կամ նրա ժառանգին կամ շահառուին, ով բնակվում է այս նահանգում և ունի պահանջ, որը բխում է 1875-1923 թվականների ընթացքում Եվրոպայում կամ Ասիայում սահմանված ապահովագրողի կողմից ձեռք բերված կամ գործող ապահովագրից կամ ապահովագրերից, դիմել այս նահանգի դատարան` իրենց պահանջը վերականգնելու համար։ Գործող օրենքը նաև նախատեսում է, որ ցանկացած դատական հայց, ներառյալ` այն հայցերը, որոնք ներկայացվել են Հայոց ցեղասպանության զոհի կամ նրա ժառանգի կամ շահառուի կողմից և դեռևս քննվում են, անկախ նրանից հանդիսանում է այս նահանգի ռեզիդենտ թե ոչ, ով ցանկանում է ստանալ 1875-1923 թվականների ընթացքում տրված կամ գործող ապահովագրերով նախատեսված նպաստները, չպետք է մնան չվաբարարված հայցային վաղեմության ժամկետը չպահպանելու պատճառով՝ պայմանով, որ հայցը հարուցվել է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը։ Օրինագծով հայց հարուցելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս օրինագծով հայտարարվում է, որ այն պետք է անմիջապես ուժի մեջ մտնի որպես հրատապ իրավական ակտ»։
Նահանգի օրենսդիր ժողովի կողմից ապրիլին հաստատվելուց հետո օրինագիծը ներկայացվեց Կալիֆոռնիայի Սենատի իրավաբանական կոմիտեին 2011 թվական մայիսի 12-ին։ Դրանից հետո այն կուղարկվի լիակազմ Սենատին և կներկայացվի նահանգապետ Բրաունի ստորագրությանը։ Այս օրինագծով փոփոխություններ կկատարվեն Կալիֆոռնիայի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354.4 բաժնում, որը ստորագրվել և ուժի մեջ էր մտել 2000 թվականի սեպտեմբերի 18-ին։
Նոր օրինագծով կերկարաձգվի ապահովագրական ընկերությունների դեմ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից հայց ներկայացնելու վերջնաժամկետը 2010 թվականից մինչև 2016 թվականի վերջը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց` հնարավորություն տալով ավելի շատ թվով հայցեր ներկայացնել իրավախախտ ապահովագրական ընկերությունների դեմ։
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ