Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս շաբաթ Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև կներկայացվի Ներկայացուցիչների պալատ:
Ինչո՞ւ են Կոնգրեսին խնդրում երրորդ անգամ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայտնի է, որ Ներկայացուցիչների պալատն արդեն երկու անգամ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր՝ 1975 և 1984 թվականներին: Ի՞նչ օգուտ կտա բանաձևի երրորդ ընդունումը հայերին: Եվ եթե այն ընդունվի այս տարի, արդյո՞ք հաջորդ տարի չորրորդ անգամ ընդունելու մեկ այլ փորձ կարվի:
Ոմանք կարող են թյուր տպավորություն ունենալ, որ նման բանաձևերը կօգնեն հայերին Թուրքիայից հետ ստանալ իրենց բռնագրավված հողերն ու գողացված ունեցվածքը: Սա պարզապես չի համապատասխանում իրականությանը: Հիշատակված բանաձևերն արտահայտում են Կոնգրեսի «կարծիքը» և օրենքի ուժ չունեն:
Ավելին, եթե այս բանաձևերն ունենային որևէ իրական օգուտ, հայերը կօգտվեին դրանցից բանաձևերի ընդունման պահից` տասնամյակների ընթացքում:
Դրական տեսանկյունից` այս բանաձևերի ընդունումն ունի էթիկական, հոգեբանական և քաղաքական կողմեր: Բարոյականությունը թելադրում է, որ մի ամբողջ ազգի զանգվածային սպանությունը չպետք է մոռացվի կամ անտեսվի: Այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության փաստի շարունակական ժխտումն է, որ ստիպում է հայերին ամեն տարի Կոնգրես ներկայացնել նման բանաձևեր: Ցավոք, ԱՄՆ-ի հաջորդական վարչակազմերը ևս իրենց մեղքի բաժինն ունեն այս ստոր գործում՝ օգնելով և սատարելով թուրք ժխտողներին և անբարոյական բառախաղեր խաղալով 1,5 միլիոն անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների բնաջնջման կապակցությամբ:
Նման բանաձևի ընդունման հոգեբանական արժեքն այն է, որ Ցեղասպանության զոհերի ժառանգները բավարարվածություն կստանան, երբ իրենց կորուստն ու ցավը ընդունվի աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրի օրենսդրի կողմից:
Քաղաքական աղմուկը, որը բարձրանում է ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը ներկայացվում է Կոնգրես, պայմանավորված է Թուրքիայի կառավարության սկանդալային վարքագծով: Յուրաքանչյուր տարի ԱՄՆ Կոնգրեսն ընդունում է նման բանաձևեր տասնյակ հարցերի շուրջ, սակայն դրանցից ոչ մեկը չի դառնում թերթերի քննարկման առարկա: Թուրիքիայի առաջնորդները ստեղծում են նման խառնաշփոթ իրավիճակ՝ սպառնալիքներ ներկայացնելով Միացյալ Նահանգներին, Վաշինգտոն ուղարկելով բարձրաստիճան պատվիրակություններ, վարձելով հզոր լոբբիստական ընկերություններ և ծախսելով արժեքավոր քաղաքական կապիտալ, որոնց արդյունքում, ի վերջո, միլիոնավոր մարդիկ իրազեկ են դառնում Հայոց ցեղասպանության փաստի մասին: Թեև Թուրքիայի նպատակն է քողարկել գրեթե մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունը, այնուամենայնիվ, իրենց կատաղի արձագանքի հետևանքով անմտորեն ամբողջ աշխարհին բացահայտում են իրենց նախահայրերի կողմից կատարված ստոր ոճրագործության մասին: Հուսանք` Թուրքիայի կառավարությունը մեկ անգամ ևս կկիրառի իրեն բնորոշ «կռվարար» մարտավարությունը՝ դրանով իսկ հրավիրելով միջազգային համայնքի ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարցի վրա:
Նոր ներկայացված բանաձևը կարող է միայն օգտվել թուրքական նման քարոզարշավից, քանի որ հանրապետականներով ղեկավարված Ներկայացուցիչների պալատը հավանաբար չի անդրադառնա դրան մոտ ապագայում, երբ նույնիսկ հայասեր դեմոկրատները բանաձևը քվեարկության չդրեցին անցած տարվա վերջին, երբ մեծամասնություն էին կազմում:
Անշուշտ, Թուրքիայի պաշտոնյաները կարող են նույնիսկ ավելի օգտակար լինել, եթե չսպասված ճգնաժամային իրավիճակներ ստեղծեն Միացյալ Նահանգների հետ, որը կստիպի դեմոկրատների վարչակազմին և հանրապետականների կոնգրեսական ղեկավարությանը սատար կանգնել Հայոց ցեղասպանության բանաձևին:
Մինչ այդ ամերիկահայ համայնքը կպահի այս հրատապ հարցը և պատրաստ կլինի էլ ավելի ակտիվ արծարծել այն ցանկացած պատեհ պահին՝ ստիպելով Թուրքիայի կառավարությանը ծախսել միլիոնավոր դոլարներ լոբբիստական ջանքերի վրա: Նման հնարավորություն կարող է ընձեռվել ավելի ուշ` այս ամիս Թուրքիայի «մարդասիրական» երկրորդ նավախմբի և Իսրայելի ռազմային նավատորմի միջև հնարավոր արյունալի առճակատման հետևանքով, որը կարող է զայրացնել ԱՄՆ-ին և Իսրայելի ղեկավարներին՝ ստիպելով նրանց քվեարկության դնել Հայոց ցեղասպանության բանաձևերը իրենց երկրների օրենսդիր մարմիններում:
Հայերը կվրդովվեն` տեսնելով, որ Ցեղասպանության հարցն շահագործվում է որպես քաղաքական ֆուտբոլ, սակայն նրանք չունեն մեծ ընտրություն, քանի որ նրանք նույնքան վիրավորված էին, երբ բանաձևը չէր ընդունվում բոլորովին անհիմն պատճառներով:
Առաջ անցնելով Ցեղասպանության հարցից՝ այս տարի ամերիկահայերը կարող են Կոնգրեսին ներկայացնել այլ բանաձևեր հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ՝ ստիպել Թուրքիային Ստամբուլի հայկական պատրիարքարանին վերադարձնել յուրացված հայկական եկեղեցիները, հարգանքի տուրք մատուցել իրավագետ Ռաֆայել Լեմկինին, որը հորինեց «ցեղասպանություն» տերմինը՝ ազդված լինելով 1915 թվականի հայերի զանգվածային սպանություններից, խրախուսել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը և սատարել Թուրքիայում ապրող բոլոր փոքրամասնությունների (ալեւիներ, հայեր, ասորիներ, հույներ, հրեաներ և քրդեր) մարդու իրավունքների պաշտպանությունը:
Կոնգրեսի և նախագահական առաջիկա ընտրությունների շեմին և արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում անսպասելի զարգացումների արդյունքում մենք կարող ենք բախվել ծանրաբեռնված և քաոսային քաղաքական սեզոնի: Կարևոր է, որ ամերիկահայերն ու իրենց աջակիցները լինեն լավ տեղեկացված, ակտիվ և պատրաստակամ` պաշտպանելու հայկական շահերը:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ