Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցյալ ամիս Գլենդելի հանրային գրադարանում տեղի ունեցած դասախոսության ընթացքում պրոֆեսոր Թաներ Աքչամի հայտարարությունը նման էր ռումբի պայթյունի, երբ բացահայտեց, որ Ստամբուլում մի գաղտնի աղբյուր հայտնել է իրեն, թե ինչպես է Թուրքիայի կառավարությունը կաշառել ամերիկացի պրոֆեսորներին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
Մասաչուսեթսի Վուստեր քաղաքի Քլարկ համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության Գալուստիան/Մուգար ամբիոնի վարիչ դոկտոր Աքչամը նշեց, որ «Թուրքիայի կառավարությունն ԱՄՆ-ում հետապնդում է շատ հետևողական և ագրեսիվ քաղաքականություն»՝ փորձելով կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը:
Անկարայի մեծ սխեման թուրքական ժխտողականությունն առավել լայն շրջանակի համար ընդունելի դարձնելն է: Ավելին` Թուրքիան և նրա ներկայացուցիչները ԱՄՆ դատարաններում մի շարք դատավարությունների միջոցով փորձում են ներկայացնել Ցեղասպանությունը ժխտող պրոֆեսորների քննադատությունը և համալսարանի ծրագրերից ռեւիզիոնիստական նյութերի բացառումը որպես «ակադեմիական ազատության» սահմանափակում:
Պրոֆեսոր Աքչամը, ով Հայոց ցեղասպանությունն ընդունող Թուրքիայի առաջին գիտնականներից մեկն էր, պատմեց, թե անցյալ դեկտեմբերին Ստամբուլ այցի ժամանակ ինքն առանձին զրույց է ունեցել մի անձի հետ, ով ուներ «ներքին տեղեկատվություն» Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության հարցին ուղղված` Թուրքիայի արտաքին գործերի նախարարության գործողությունների վերաբերյալ: Դոկտոր Աքչամի գաղտնի աղբյուրը հաղորդել է նրան, որ 2004-2005 թվականներին ամերիկյան համալսարանի մի պրոֆեսոր հանդիպել է «Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյանների հետ»: Այդ հանդիպման ժամանակ պրոֆեսորն ասել է հյուրընկալող կողմին, որ «Թուրքիան գիտական մակարդակով համակարգված ծրագիր չունի Հայոց ցեղասպանության ամբաստանություններին հակազդելու համար», և որ «ցեղասպանության ենթադրությունն արդեն լավագույնս հաստատված է», եւ նրանք չեն կարող շատ բան անել՝ «փորձելով բացեիբաց հակազդել դրան»:
Ամերիկայի այդ պրոֆեսորը ներկայացրել է հետևյալ առաջարկությունը թուրք պաշտոնյաներին. «Անհրաժեշտ է փորել մի փոս ցեղասպանության բոլոր պահանջների առջև. պետք է կասկածներ ստեղծել՝ պատրաստելով այնպիսի գիտական աշխատանքներ, որոնք կհարուցեն այդպիսի կասկած»:
Ըստ դոկտոր Աքչամի` «ստեղծելով և խրախուսելով նոր գիտական աշխատանքներ»՝ ամերիկացի գիտաշխատողները կարող են «սովորական դարձնել այն գաղափարը, որ 1915-ին ցեղասպանություն չի եղել, ճիշտ այնպես, ինչպես այն կարծիքը, որ դա ցեղասպանություն է»:
Թեև, ընդհանուր առմամբ, հայտնի է, որ Թուրքիայի կառավարությունը տրամադրում է դրամական միջոցներ բազմաթիվ գիտաշխատողների, որպեսզի նրանք հրապարակեն Հայոց ցեղասպանությունը ժխտող հոդվածներ և գրքեր, սա առաջին անգամ է, որ այս ենթադրությունները հաստատվել են վստահելի թուրքական աղբյուրի կողմից: Գաղտնի աղբյուրը հայտնել է Աքչամին, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ընդունել է ամերիկացի դասախոսի առաջարկը և «ԱՄՆ-ին է փոխանցել խոշոր չափի գումար»:
Աղբյուրը դոկտոր Աքչամին հայտնել է այն ամերիկացի դասախոսների անունները, ովքեր ստացել էին դրամական միջոցներ Հայոց ցեղասպանությունը ժխտող գրքեր գրելու համար և բացահայտել, որ «կան նրանց ձեռքով ստորագրված փաստաթղթեր, և որ այս ստացականներն այժմ գտնվում են արտաքին գործերի նախարարության արխիվներում»:
Իր դասախոսության ժամանակ դոկտոր Աքչամը նշեց, որ ինքը չի ցանկացում որևէ գիտնականի վրա ստվեր գցել, սակայն երբ Ստամբուլի իր աղբյուրից ստացված տեղեկությունները կապում է վերջին որոշ հրապարակումների հետ, «առաջ է գալիս անհանգստացնող մի պատկեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրությունների կապակցությամբ»:
Այնուհետև, դոկտոր Աքչամը անդրադարձավ Մայքլ Գյունթերի «Հայոց պատմությունը և Ցեղասպանության հարցը» գրքին՝ որպես այս մոտեցման հնարավոր օրինակի: Գրքի հրատարակչի` Փալգրեյվ Մաքմիլանի ինտերնետային էջը նշում է, որ «թեև 600,000 հայեր մահացել են Առաջին համաշխարհային պատերազմում, դա չի եղել ո'չ Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից կանխամտածված քաղաքականություն, ո'չ էլ առանց պատճառի միակողմանի իրականացված դեպք: Իհարկե, ոչ մի դեպքում սա չի կարող արդարացնել իրականացված սարսափելի անկարգությունները»:
Պրոֆեսոր Աքչամը հետագայում նկատեց, որ չորս գիտնականներ՝ Յուտայի համալսարանից Հաքան Յավուզը, Մասաչուսեթսի համալսարանից Գենթեր Լևինը, Անկարայի Բիլքենթ համալսարանից Ջերեմի Սոլթը և Վիրջինիայի Ծովային հետևազորի կորպուսի շտաբից և ապարատի քոլեջից Էդվարդ Ջ. Էրիքսոնը, ովքեր գովասանական խոսքեր էին գրել Գյունթերի գրքի մասին, «քաջ հայտնի են 1915 թվականի ցեղասպանության հետ կապված իրենց ժխտողական դիրքով և աշխատանքներով»:
Թեև Աքչամը չէր ցանկանում «մեղադրանքի խոսքեր հնչեցնել գրքի հեղինակի հասցեին», նա ասաց. «Տարօրինակ նմանությունները, որոնք առկա են Ստամբուլում գաղտնաբար ինձ ասվածի և գրքի շապիկի խոսքերի միջև, ինձ հիասթափեցրին, այդքանը»:
Թեև ոչ մեկը չպետք է մեղադրի գիտաշխատողներին Թուրքիայի կառավարությունից կամ նրա հավատարմատար անձանցից գումարներ ստանալու մեջ առանց հիմնավոր ապացույցների, այնուհետև մեծապես ուսանելի կլինի, եթե նրանցից որևէ մեկը կամավոր հանդես գար և բացահայտեր, թե արդյո՞ք ինքը ֆինանսավորվել է թուրքական աղբյուրներից:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ