կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-26 22:20
Հասարակություն

Վաղուց էր պետք

Վաղուց էր պետք

Դժվար է հիշել` նախկինում երբևէ եղե՞լ է դեպք, որ հանրապետության նախագահն այցելի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհված որևէ զինծառայողի ընտանիքի և իր ցավակցությունները հայտնի:

Մարտի 23-ին Սերժ Սարգսյանի այցը հակառակորդի հրազենային գնդակից զոհված պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Հովհաննես Սուքիասյանի հայրական տուն, ոչ միայն աննախադեպ էր, որպես երևույթ, այլև խիստ ուսուցողական: Գուցե այցելությունը մի քիչ էլ ուշացած էր, բայց դա չէ էականը, այլ` ինքնին երևույթը:

Նախագահը ոչ միայն ցավակցություն հայտնեց զինծառայողի ընտանիքին, այլև, որ շատ ավելի կարևոր էր` խոսեց հայ զինվորի կյանքի համար իր` որպես նախագահի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, պատասխանատվության գիտակցման մասին: Գլխիկոր ու կորուստի ցավը սրտներում, մարդկանց աչքերին նայելով, այդ մասին խոսելը ցանկացած դեպքում շատ ավելի համոզիչ է, քան խորհրդակցությունների ժամանակ:

Գուցե կատարված քայլը քարոզչական հնարանք համարվեր, եթե զգալի չլիներ նախագահի բնական անկեղծությունը, որն արտահայտվում էր զոհվածի հարազատների հետ շփման ողջ ընթացքում` նրա խոսքի տոնից, տեմպից, ընկճվածությունից, առհասարակ` կեցվածքից: Թերևս առաջին անգամ հանրությունը տեսավ ոչ թե սրտացավություն ու կարեկցանք խաղացող չինովնիկի, այլ հայ մարդու, քաղաքացու, ով ունի զգացմունքներ, չի վախենում դրանք արտահայտելուց, ով իսկապես զգում ու գիտակցում է իր ուսերին դրված պատասխանատվությունն ամեն զինծառայողի կյանքի, երկրի անվտանգության համար:

Դա հարգանքի տուրք չէր միայն հայրենիքին, Հովհաննես Սուքիասյանի մատուցած ծառայություններին և բացառապես նրան դաստիարակած ու երկրին տված ծնողներին: Այլ նախկին ու ոչ վաղ անցյալի բոլոր զոհված ծառայող երիտասարդներին ու նրանց հարազատներին: Որովհետև էականը այցի խորհուրդն էր, ոչ թե այցելության փաստն ինքնին: Այս քայլի կարիքն զգացվում էր վաղուց: Ընդ որում` ոչ միայն թշնամու գնդակից զոհված երիտասարդների, այլև, առհասարակ, բանակային բոլոր միջադեպերի հետեւանքով կրած մարդկային կորուստների առումով:

Սակայն անկախ բոլոր հանգամանքներից, դրդապատճառներից, քայլը վերջապես արվել է: Եվ չավարտված պատերազմի պարագայում երբեք չի կարելի երաշխավորել, որ այլևս նման ցավալի կորուստներ չեն լինելու: Ու պետք է այնպես անել, որ այն չմնա որպես եզակի դրսևորում՝ առհասարակ սովորական մարդկանց հոգսերի, ցավերի նկատմամբ՝ վերաբերմունքի արտահայտման իմաստով: Ավելին՝ այն պետք է ուղղորդիչ ու ուսանելի լինի բոլոր պաշտոնատար անձնաց համար: Բայց ոչ թե որպես ի կատարումն հանրապետության նախագահի ուղղակի կամ անուղղակի հանձնարարականների, զուտ կրկնօրինակման համար, կամ էլ նախընտրական քարոզչության տրամաբանությամբ, ինչպես ընդունված է մեզանում, այլ ի խորոց սրտի, անկեղծ ու անմիջական, սրտացավորեն: Դժվար է, իհարկե, բայց ոչ անլուծելի:

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ