կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-30 17:01
Առանց Կատեգորիա

Հայաստանը միշտ եղել է մի փոքր կղզի, որտեղ երբեմն պետք է ապացուցել այն, ինչ վաղուց ապացուցված է

Հայաստանը միշտ եղել է մի փոքր կղզի, որտեղ երբեմն պետք է ապացուցել այն, ինչ վաղուց ապացուցված է

Արդեն շուրջ հինգ ամիս է` «Empyray» ռոք-խումբը նոր մենակատար ունի` Սուրեն Պողոսովը: Yerkir.am-ի հետ զրույցում ռոք երաժիշտ, երգահան, Empyray խմբի կիթառահար Կարեն Արզումանյանը նշեց, որ մենակատարի փոփոխմամբ կփոխվի նաև խմբի հնչողությունը: Նոր կազմով խումբն արդեն 2 երգ է ձայնագրել` «Եթե անգամ ուշանամ» և «Նոր էջից»: Վերջինը շուտով կներկայացնեն հանդիսատեսի դատին: Երգի մեջ կան այսպիսի տողեր՝ «Երբեք էլ ուշ չէ սկսել նոր էջից»: Սա, Արզումանյանի կարծիքով, ինչ-որ չափով բնութագրում է Empyray-ի այսօրվա վիճակը:

 

Yerkir.am-ի զրուցակիցն է Կարեն Արզումանյանը:

 

-Յուրաքանչյուր մենակատար իր ձեռագիրն ունի: Խմբում, մենակատարի փոփոխության հետ կապված, ոճային առումով փոփոխություննե՞ր կլինեն:

-Այո, որոշ փոփոխություններ կլինեն, չի կարող ընդհանրապես փոփոխություն չլինել, քանի որ մենակատարն ուզած-չուզած խմբի առաջին դեմքն է, և խմբին ճանաչում են առաջին հերթին հենց երգչով: Երբ փոխվում է վոկալիստը, փոխվում է նաև խմբի հնչողությունը, բայց վստահեցնում եմ, որ չեն լինի այնպիսի փոփոխություններ, որոնք կհիասթափեցնեն մեր ունկնդրին:

 

-Հայկական ռոքը զարգացման ի՞նչ փուլում է գտնվում:

-Այսօր հայկական ռոքի վիճակը չենք կարող համեմատել 7-8 տարի առաջ մեր ունեցածի հետ, չենք կարող հաշվի չառնել այն խմբերի աշխատանքը, որոնց երաժիշտները իրենց կյանքը նվիրել են ռոքին /«Ոստան հայոց», «Դոգմա»/: Կարծում եմ, որ Empyray խումբն էլ ունի իր մեծ լուման հայկական ռոքի կայացման գործում: Ընդհանուր վիճակը բավական լավ է. շատ խմբեր կան, ակումբային համերգներ են տեղի ունենում, ինչը չենք կարող ասել, ասենք, 2000-ականների մասին: Այսօր ցանկացած մրցանակաբաշխության /եթե այն դիտարկենք ամփոփիչ ինչ-որ էլեմենտ/ մեջ կա ռոք անվանակարգ: Կարծում եմ` հայկական ռոքը հիմա շատ ավելի լավ վիճակում է, քան նախկինում, լավ պոտենցիալ ունենք:

 

-Մեր օրերում նոր խմբեր են ստեղծվում ու որքան արագ ստեղծվում են, այնքան արագ էլ` ցրվում: Սա օգնո՞ւմ, թե՞ խանգարում է:

-Դա նորմալ երևույթ է, այդպես միշտ էլ եղել է: Երաժիշտները հանդիպում են միմյանց ու փորձում համատեղ աշխատել: Ոչ միշտ է, որ դա արդյունավետ է ստացվում, և խմբերը «փլուզվում են», ու կազմավորվում են նորերը: Սա բնորոշ է ցանկացած ոճի խմբերին: Մենք միայն ուրախ ենք կայացած համագործակցությունների համար և մաղթում ենք նրանց, ով դեռ չի գտել իր ճանապարհը, գտնել այն:

 

-Որքանո՞վ ենք ինտեգրվում, առհասարակ, ռոքում տեղի ունեցող վայրիվերումներին, փոփոխություններին, ռոքն այլ ժանրերի հետ համադրելու փորձերին:

-Երաժշտությունը համընդհանուր երևույթ է, և մենք` որպես երաժիշտ, ուսումնասիրում ենք նաև այլ ուղղություններ, և դա չի կարող չունենալ իր ազդեցությունը մեր երաժշտության վրա: Համաշխարհային տենդենցներին, իհարկե, հետևում ենք, բայց ամեն ինչ չենք կարող նույնությամբ նաև Հայաստանում կիրառել: Հայաստանը միշտ եղել է մի փոքր կղզի, որտեղ երբեմն պետք է ապացուցել այն, ինչ վաղուց ապացուցված է:

 

-Հետաքրքիր է` երբ սիրում ես դասական, ջազ, լսում ես` լիցքաթափվելու կամ էներգիա ստանալու համար, բայց ռոք լսողների համար ռոքը դառնում է ապրելակերպ: Կա՞ նման բան:

-Հա, իհարկե, ռոքը ոչ միայն ապրելակերպ է, ռոքը մտածելակերպ է: Ռոքն ինձ միշտ օգնել է, ուժ տվել, կտրել առօրյայից, միշտ զգացել եմ, որ ուրիշ աշխարհում եմ: Ռոքի մեջ անսահման բարություն կա, չնայած փորձում են չարն էլ տեսնել ռոքում, բայց չարիքն ամենուր է: Ռոքն ԱԶՆԻՎ երաժշտություն է, դրա համար էլ չարն ավելի երևացող է հենց ռոքում, քան մյուս ոճերի մեջ:

 

-Կարծես, Հայաստանո՞ւմ էլ կոտրվում է այն կարծրատիպը, որ ռոքն ագրեսիա է ծնում:

-Հայաստանում դեռ մի քիչ մնացել է այդ մտածելակերպը, թե` զգույշ եղեք, ռոքն ագրեսիայի բուն է: Նման մտածելակերպը սովետից է գալիս, և մարդիկ, որոնք չեն հետաքրքրվում ռոքով, նրանց ուղեղում նստած է այդ կարծրատիպը, որն ավելին չէ, քան օդից ստեղծված փուչիկը:

 

-Վերջերս ավելացել է ակումբների թիվն ու ակումբային համերգների թիվը: Ակումբներում երգելուց արդեն կարծես թե չեն խուսափում: Ակումբներ և ակումբային համերգներ. Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:

-Ակումբներն ու ակումբային համերգների դերը երաժշտի կայացման հարցում մեծ է, այլ հարց է` ի՞նչ ակումբներ ունենք: Դրսում կան ակումբներ, որոնք մեր ամենալավ դահլիճներից էլ լավն են` թե' ակուստիկայի, թե' տեխնիկական հագեցվածության առումով: Մենք նվագել ու նվագելու ենք ակումբներում, բայց չենք դառնալու ակումբային խումբ, այսինքն` խումբ, որին միշտ կարելի է լսել մի բաժակ թեյ խմելիս:

 

Կարինե Հարությունյան