կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-26 03:24
Հասարակություն

Հանցագործությունների թիվը նվազել է

Հանցագործությունների թիվը նվազել է

Այս տարվա 2 ամիսների ընթացքում մայրաքաղաքում արձանագրվել է հանցագործությունների ընդհանուր թվի նվազում `11 դեպքով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը ներկայացրեց այս տարվա երկու ամիսներին իրենց ստորաբաժանման աշխատանքները:

Նա նշեց, որ 26 դեպքով նվազել են քրեական հետախուզության գծով հաշվառված հանցագործությունները, այդ թվում` ծանր հանցադեպերի քանակը նվազել է 23 դեպքով, իսկ առանձնապես ծանրերը` 6-ով: Հանրապետությունում հաշվառված հանցագործությունների 56,8 %-ը գրանցվել է մայրաքաղաքում, այդ թվում` ծանր դեպքերի 61,6%-ը:

Ըստ հանցատեսակների արված վերլուծությունը ցույց է տալիս, որ էապես նվազել են անձի եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Մասնավորապես` անձի դեմ ուղված հանցագործությունները նվազել են 53-ով. դիտավորյալ սպանության փորձերը նվազել են 2-ով, մարմնական վնասվածքով դեպքերը` 11-ով, սեփականության դեմ ուղղվածները` 47-ով, ավազակային հարձակումները` 5-ով, կողոպուտները` 4-ով, բնակարանային գողությունները` 31-ով:

Ընթացիկ տարում գրանցվել է թմրամոլության դեմ պայքարի ցուցանիշների նվազում: Ընդ որում` թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 7-ով, իսկ իրացման փաստերը` 5-ով, եւ մեծացել է դրանց բացահայտման ցուցանիշը` 58,8 տոկոս, նախորդ տարվա` 41-ի համեմատությամբ:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցների կողմից 2011թ-ի երկու ամսում հայտնաբերվել է թմրամոլությամբ զբաղվող 21 անձից բաղկացած 5 խումբ, որոնցից 11-ը դատապարտվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 226 հոդվածի 3 մասով` որպես թմրանյութ իրացնողներ:

Վերջին 3 տարիներին ոստիկանների կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում քաղաքում դիտավորյալ սպանությունների քանակը նվազել է:

Հանրապետությունում 2008 թվականին գրանցվել էր դիտավորյալ սպանության 40 դեպք, իսկ 2009-2010 թթ. եւ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին գրանցվել է դիտավորյալ սպանության ընդամենը 4 դեպք. բոլորն էլ բացահայտվել են:

«Կարող ենք ասել, որ սպանությունների բացահայտումն աճել է 100 տոկոսով»,- ասաց Ն. Ներսիսյանը: