կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-29 13:07
Հասարակություն

Անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունների թիվը նվազել է. Նելլի Դուրյան

Անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունների թիվը նվազել է. Նելլի Դուրյան

2017 թվականին 4 ամիսների ընթացքում երեխաների նկատմամբ կատարվել է 59 բռնության դեպք, նախորդ տարվա 71-ի համեմատ: Դրանք, մասնավորապես, ծեծի դեպքերն են և սեռական անձեռնմխելիության ու սեռական ազատության դեմ ուղղված հանցագործության դեպքերը. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«Պետք է նշեմ, որ սեռական բռնության դեպքերն են նաև նվազել: Եթե նախորդ տարի ունեինք 34, ապա այս տարի դրանք 24 են. 10-ը դեպքի նվազում է  գրանցվել: Ընտանեկան բռնության դեպքերը 4-ն են, նախորդ տարի էլ էր նույնքան:  Դրանք ֆիզիկական բռնության դեպքերն են»,- ասաց Դուրյանը:

Նրա խոսքով` այս տարի` 4 ամիսների ընթացքում, դպրոցներում և դպրոցների հարակից տարածքներում դեպքեր եչն արձանագրվել, նախորդ տարվա 3-ի դեպք էր եղել:  Դուրյանը սա պայմանավորեց նրանով, որ ոստիկանությունը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում դպրոցներում և դպրոցների հարակից տարածքներում: «Բացի այդ` ոստիկանության` անչափահասների հետ աշխատող ստորաբաժանումը, տեսուչները իրականացնում են դասընթացներ դպրոցներում, այսինքն` դասը վարում է  ոստիկանը: Բացի այդ` արդեն ավանդույթ է դարձել, որ դպրոցներ են մտնում ոստիկանության բարձրաստիճան աշխատողները, զրույցներ են տանում աշակերտների հետ, սա ևս կանխարգելիչ աշխատանք է, որն իր արդյունքը տալիս է»,- ասաց նա:

Ի դեպ, Նելլի Դուրյանը նաև նշեց, որ, այլ պետությունների հետ համեմատած, բռնությունների թիվը Հայաստանում ավելի քիչ է: «Իհարկե, ուրախալի է, որ, նախորդ տարվա համեմատ, նվազում  ենք նկատում, բայց պետք է հասնել նրան, որ ընդհանրապես բռնություն չլինի ո՛չ ընտանիքում, ո՛չ հաստատություններում, ո՛չ փողոցներում»,- ասաց նա:

Դուրյանը նշեց, որ ամենաշատը խախտվում են այն երեխաների իրավունքները, որոնց ծնողներն ամուսնալուծվում են, և երեխան դառնում է  կռվախնձոր, ոտնահարվում են նրա իրավունքները: «Երեխան դառնում է կռվախնձոր, մի ծնողից մյուսին տալու համար դիմում են ոստիկանությանը: Շաբաթվա կտրվածքով՝ ունենում ենք 2-ից 3 նման դեպք»,- ասաց նա: