Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրասնոդարի թիվ 23 գիմնազիայում անցկացվել է տարբեր երկրների եւ դրանց մշակույթներին նվիրված օր: Ներկայացված երկրների շարքում (Հունաստան, Ճապոնիա, Գերմանիա, Հնդկաստան, ԱՄՆ եւ այլն) նաեւ Հայաստանն էր:
Դասարաններին երկրները բաժին էին ընկել ոչ սեփական ընտրությամբ, այլ վիճակահանությամբ, սակայն 9-րդ ա դասարանը Հայաստանը ներկայացրել է աշակերտներից մեկի վճռականության շնորհիվ. մեկ քառորդ հայկական արյամբ պատանին խնդրել էր վիճակահանությամբ իրենց բաժին հասած Եգիպտոսի փոխարեն իրենց տալ Հայաստանը ներկայացնելու հնարավորություն. տեղեկացնում է «Երկրամասը»:
Երեխաները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել մրցույթին. դասարանը զարդարել էին հայկական ոգով` Հայաստանի Հանրապետության դրոշներ, Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի եւ այլ հերոսների, հուշարձանների ու եկեղեցիների գունավոր նկարներ, հուշանվերներ, գրքեր, նաեւ հայկական մրգեր:
Իսկ մրցութային օրը երեխաները ներկայացրել են սոչիաբնակ հայազգի բանաստեղծ Գրիգոր Մազլումյանի բանաստեղծությունները, պարել են քոչարի, հանդիսատեսին պատմել հայ ժողովրդի պատմությունից, նույնիսկ հայկական բաղադրատոմսով թխվածք թխել: Ելույթն ավարտվել է «Հայաստան» սլայդ-շոուով, որում ներկայացված է եղել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլեւ Արեւմտահայաստանը եւ Արցախը:
«Հայերի» ելույթը ողջունվել է բուռն ծափահարություններով, «Հա-յաս-տան» վանկարկումներով: Սակայն, ցավոք, «մերոնք» զբաղեցրել են երկրորդ տեղը: Առաջին տեղը շնորհվել է Հնդկաստանին. նրանք անհերքելի փաստարկ են ունեցել` կենդանի վիշապ օձ: