կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-01 06:09
Քաղաքական

Այսպես չի կարող շարունակվել եւս յոթ տարի

Այսպես չի կարող շարունակվել եւս յոթ տարի

Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասել է.

 

«Ազգային ժողովի օրակարգը` թե' մեծը, թե' քառօրյան, պետք է արտացոլի ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի արտաքին և ներքին պահանջներն ու օրինավոր ակնկալիքները: Ցավոք, դա այդպես չէ, և այսօր խոսք չի գնում միմիայն Հայաստան-Թուրքիա ահավոր հակապետական արձանագրությունների առկայության մասին` մեծ օրակագում, կամ որևէ այլ օրինագծի մասին:

 

Վերջերս, գործող նախագահը կուսակցապետ իր գործընկերների հետ կնքեց հակասահմանադրական, հակաիրավական մի հուշագիր, որի իմաստը ոչ միայն ժամանակից շուտ` ի խախտումն համապատասխան բոլոր օրենքների, սեփական թեկնածության առաջադրումն էր, այլ պատգամը հասարակությանը, որ L'Etat c'est moi` «Պետությունը ես եմ», և իմ դեմ խաղ չկա:

 

Այդ արտաքին քաղաքականությունը, որ տևապես զիջում է մեր պետական ինքնիշխանությունը և ազգային շահը, շարունակվելու է առաջիկա յոթ տարին, այդ ներքին քաղաքականությունը, որը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունը, անարդարությունն ու արտագաղթը տեւելու է նվազագույնը յոթ տարի: Մեր պետականության վաղվա կրողներ այս երիտասարդների առաջ մենք թաքցնելու բան չունենք»:

 

Եվ ապա. «Խորհրդարանի առարկայական պատկերն արտացոլանք է հերթաբար, խեղված և կեղծված ընտրությունների, բայց անգամ այս համամասնությունը մեծամասնության և ընդդիմության, չի բավականացնում կուսակցապետերի ախորժակը, և իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ այս ընդդիմադիր աթոռների վրա: Հարկ չկա կեղծել հերթական ընտրությունը: Ինչպես սուրբ պատարագն է ասում` սիրով, ճշմարտությամբ և ոչ երբեք հեգնանքով. «Առե'ք, կերե'ք… Սա է ժառանգությունը ձեր»:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից հետո «Ժառանգություն» խմբակցությունը դուրս եկավ խորհրդարանի դահլիճից: Այնուհետեւ հրավիրված վարչության եւ խմբակցության համատեղ նիստում, արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջ քաշած, օրվա հրամայական հանդիսացող գնահատականներին եւ հաշվի առնելով պահի կարեւորությունը, որոշվեց ս.թ. մարտի 6-ին հրավիրել «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստ, որի քննարկմանը կներկայացվեն կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության ու մարտավարության առաջարկվող տարբերակները եւ կկայացվի համապատասխան որոշում: