Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում կազմակերպվել է քննարկում՝ նվիրված Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին: Քննարկմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը, պատգամավորներ, ԼՂՀ Փաստականների միության անդամներ, Բաքվի ջարդերի ականատեսներ, լրագրողներ, երիտասարդներ:
Քննարկման հիմնական բանախոսը ամերիկահայ գրող, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Աստվածատուրյան Թերքոթն էր: Աննա Աստվածատուրյանն այժմ ապրում է ԱՄՆ-ում, ծնվել է Բաքվում և 11 տարեկան էր, երբ ստիպված էր հեռանալ Բաքվից:
Աննայի խոսքով՝ իրենց ընտանիքը Բաքվից հեռացել է 1989թ. սեպտեմբերին, նախքան հարևաններին կոտորելը, ովքեր չէին էլ կասկածում, որ Բաքվի նման ինտերնացիոնալ քաղաքում այդպիսի բան կկատարվի: «Վերջին 100 տարվա ընթացքում մեր ընտանիքը 3 անգամ մասսայական տեղահանության, Ցեղասպանության է ենթարկվել: 30 տարի առաջ մեր ընտանիքը նորից ենթարկվեց տառապանքի և հույս ունեմ, որ դա վերջին անգամն էր»,- ասել է Աննան:
Աննայի համար ողբերգականը ոչ միան հարազատներ ու բնակարան կորցրելն էր, այլև ջարդերից հետո աշխարհով մեկ սփռվելը, արմատներից հեռանալը: «Ես ապրում եմ օտար երկրում, ինձ տանն եմ զգում միայն Արցախում և Խնձորեսկում»,- նշել է նա:
Նրա համար ցավալի է, որ պետական մակարդակով ադրբեջանահայերի հետ կատարվածին գնահատական չի տրվել: «Մի քանի օր առաջ ՀՀ պառլամենտում երկու հայկական պետությունների խորհրդարանները մեզ հետ պատահածը պաշտոնապես ընդունել են: Հույս ունեմ, որ դա առաջին քայլն է, որովհետև մինչ այժմ միասնական պետական քաղաքականություն չի մշակվել Ադրբեջանի հանցավոր գործողություններին գնահատական տալու համար»,- ավելացրել է Աննա Աստվածատուրյանը:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով Ադրբեջանում տեղի ունեցածը Թուրքիայի իրագործած հայերի ցեղասպանության շարունակությունն է. «Դա նույն ցեղասպանությունն է, ցեղասպանողները՝ թուրքերն են և ցեղասպանվողը նույն հայն է: Նույն Ցեղասպանությունն է տարբեր պետություններում»
Քաղաքագետի կարծիքով անհրաժեշտ է ադրբեջանահայության գործոն ձևավորել, տարբեր երկրներում ապրող ադրբեջանահայերից միջազգային կազմակերպություն ստեղծել, որը կխոսի ինքն իր մասին:
Տաթևիկ Աղաջանյան