Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հետայսու բարձր առաջադիմություն ունեցող առաջին կուրսեցիները կարող են դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ եւ, եթե բախտը ժպտա, գուցե ստանան ուսման վարձի 25 տոկոս զեղչ:
«Մեր գործունեությունը ծնունդն է այն քաղաքականության, որը վարում է մեր երիտասարդությունը, եւ որի պատասխանատուն հենց երիտասարդներն են. «Երիտասարդները երիտասարդների համար» կարգախոսով ենք առաջնորդվում: Նրանք պետք է հասկանան, որ եթե ուզում են սովորել, պետությունն անպայման կաջակցի իրենց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը:
Ծրագրի գաղափարը ՀՀ նախագահինն է: Այն իրագործելու համար հատկացվել է 60 մլն դրամ, այսինքն` մոտ 600-700 ուսանող կստանա զեղչ:
Հիմնադրամի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթեւիկ Հարությունյանը նշեց, որ կարեւոր է ուսանողի պատասխանատվությունը, այսինքն` ուսանողը պետք է հասկանա, որ չպետք է սովորի` իր խնդիրները ծնողների, հիմնադրամի ուսերին բարդելով, այլ նաեւ` անձամբ տարբերակներ գտնի, ինչին էլ աջակցում է հիմնադրամի սոցիալական ուղղությունը:
«Մենք աշխատում ենք 5 ուղղությամբ` կրթություն եւ գիտություն, առողջապահություն, հոգեւոր-հայրենասիրական, սոցիալական եւ միջազգային համագործակցություն: Որեւէ ուղղություն ֆավորիտ չէ, աշխատանքը համակարգված բնույթ է կրում»,- ասաց Տ. Հարությունյանը:
Ներկայումս հիմնադրամը համագործակցում է նաեւ կրթության եւ գիտության նախարարության հետ` մարզերի ուսանողներին տրամադրելով հանրակացարաններ:
«Առանձնացնել սոցիալական եւ երիտասարդության խնդիրները դժվար է, քանի որ երիտասարդներն էլ այժմ շատ սոցիալական խնդիրներ ունեն: Մենք հասկանում ենք, որ միանգամից բոլոր հարցերը լուծել հնարավոր չէ, բայց հավաստիացնում եմ, որ մեր իրականացրած ծրագրերի պտուղները շատ քաղցր են»,- ասաց Կարեն Ավագյանը: