կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 06:31
Քաղաքական

Թոմաս Համմարբերգի խորհրդարանական հանդիպումները

Թոմաս Համմարբերգի խորհրդարանական հանդիպումները

Հունվարի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ:

 

Հյուրի խնդրանքով պարոն Նիկոյանը  ներկայացրեց   2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքները, հանձնաժողովի ներկայացրած զեկույցի ընդհանուր նկարագիրը: Մասնավորապես պարոն Նիկոյանը հանձնաժողովի կատարած աշխատանքը դրական գնահատեց հրապարակայնության առումով, բայց, ըստ նրա, չնայած բազում փորձերին ընդդիմությունը չցանկացավ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

 

Համմարբերգի այն հարցին, թե ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած փաստերի հիման վրա հնարավոր չէ արդյոք նոր փաստեր գտնել, պարոն Նիկոյանը տեղեկացրեց, որ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգումը նոր փաստեր գտնելու նպատակ ուներ, բայց, ցավոք, դրանք այնքան սակավ էին, որ հնարավոր չէր դրանց հիման վրա մահվան դեպքերի մասին որեւէ եզրակացություն ներկայացնել: Իսկ հարցին, թե օրենսդրական աշխատանքով ծանրաբեռնված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կարող է արդյոք արդյունավետ լուծում տալ այն հարցերին, որոնք  առաջարկների ձեւով ժամանակին ներկայացրել է պարոն Նիկոյանի ղեկավարած ժամանակավոր հանձնաժողովը, ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կատարած աշխատանքն ու ներկայացրած զեկույցը իրավական տեսանկյունից` միաժամանակ նկատելով, որ խնդրի հետ կապված տնտեսական ու սոցիալական բազում հարցեր կան, որոնք, իհարկե, հանձնաժողովի իրավասությունների շրջանակում չեն,  դրանք նաեւ  չափելի չեն ու լուծման համար տեւական ժամանակ է պետք:

 

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը խորհդարանում հանդիպեց քաղաքական կոալիցիան ներկայացնող պատգամավորների` Արտակ Զաքարյանի(ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի(ԲՀԿ) եւ Հովհաննես Մարգարյանի(Օրինաց երկիր) հետ:

 

Մարդու իրավունքների հանձնակատարի այցի օրակարգում երեք հիմնական հարցեր են ընդգրկվել`  2008 թ. մարտի 1-2-ի դեպքերին հետեւած  զարգացումները, լրատվամիջոցների գործունեությանը եւ բանակում մարդու իրավունքներին առնչվող հարցեր:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձան մարտյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի կատարած աշխատանքներին:  Նաիրա Զոհրաբյանը եւ Հովհաննես Մարգարյանը, որպես ժամանակավոր հանձնաժողովի անդամներ, ներկայացրին հանձնաժողովի գործունեության հիմնական սկզբունքները: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովը որդեգրել էր սկզբունք` իր գործունեության արդյունքում տալ հանրությանը հուզող հարցերի պատասխանները` առանց քաղաքական շահարկումների: Ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությամբ խորհրդարանն արդեն փոփոխություններ է կատարել «Ոստիկանության մասին», «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» եւ դատաիրավական համակարգին առնչվող օրենքներում:

 

Հովհաննես Մարգարյանը հանձնակատարի ուշադրությունը հրավիրեց ժամանակավոր հանձնաժողովի հրապարակային աշխատելաոճի վրա, երբ բոլոր  քննարկումներին հրավիրվել են ԶԼՄ-ի ներկայացուցիչները: Միաժամանակ, որպես կարեւոր հանգամանքներ, պատգամավորը նշեց հանձնաժողովում բոլոր որոշումները փոխհամաձայնությամբ ընդունելու, ինչպես նաեւ որոշ հարցերի պարզաբանման համար մասնագետներ ու փորձագետներ հրավիրելու մոտեցումները:

 

Արտակ Զաքարյանի բնորոշմամբ` ընդդիմության որոշ հատված շահարկում է մարտի 1-2-ի իրադարձությունները, մինչդեռ կոալիցիան հարցը դիտարկում է իրավական հարթության մեջ: Նա իրավական ու օրենքներից բխող  գնահատեց թե մարտյան իրադարձություններին հետեւած ձերբակալությունները, եւ թե ձերբակալվածների զգալի մասին ազատ արձակելը` համաներման եւ օրենսդրական այլ գործիքների միջոցով:  Արտակ Զաքարյանը նշեց, որ իշխանությունները ունեն գերխնդիր ոչ միայն ընդունել լավ օրենքներ, այլ ապահովել դրանց կիրառման հավասարությունը:

 

Պատգամավորները խոսեցին նաեւ լրատվամիջոցների գործունեությանը ու մարդու իրավուքներին առնչվող օրենսդրական մի քանի փոփոխությունների մասին: Մասնավորապես նշվեց ՙԺողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին՚ օրինագիծը, որը նախատեսվում է ընդունել գարնանային նստաշրջանում եւ որը, եվրոպացի փորձագետների գնահատմամբ, լիբերալ է, զրպարտության համար պատասխանատվությունը ապաքրեականացնող օրենքը, ՙՀեռուստատեսության եւ ռադիոյի մասին՚ օրինագիծը: Վերջինում, ըստ պատգամավորների, դեռ կան սողանցքներ, եւ այս առումով ողջունելի համարեցին մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ  աշխատանքային խմբի ստեղծումը: 

 

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպեցին նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը եւ Արտյուշ Շահբազյանը: Հանդիպմանն անդրադարձ եղավ մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, խոսքի ազատությանը, ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլ հարցերի: Խոսքի ազատության խնդիրների եւ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների առնչությամբ խմբակցությունը ներկայացրել է առաջարկությունների փաթեթ: Մարտիմեկյան դեպքերի հետագա մոնիտորինգի իրականացման համար ՀՅԴ-ն առաջարկել է ստեղծել առանձին վերահսկող հանձնաժողով, բայց  խորհրդարանը որոշել է այդ գործառույթը վերապահել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ուժեղացման տեսանկյունից ՀՅԴ-ն պատրաստ է առաջարկներ ներկայացնել` զինված ուժերում ստեղծված իրադրությունը բարելավելու համար:

 

Նույն օրը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին հանդիպեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:

 

Խմբակցության անդամները ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի խնդրանքով անդրադարձան   2008 թվականի  մարտի 1-2-ին տեղի ունեցած  իրադարձություններին, դրանց հաջորդած  դատավարություններին եւ ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներին:

 

Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը իրենց տեսակետները ներկայացրեցին նաեւ խոսքի ազատության,  ՀՌԱՀ-ի գործունեությանը եւ ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ:

 

Տիկին Փոստանջյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի ուշադրությունը հրավիրեց  նաեւ բնապահպանական խնդիրներին:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հՀանդիպումների ընթացքում քննարկվեել են նաեւ այլ հարցեր: