կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-26 13:00
Արցախ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատերազմ չեն ցանկանում. Թոմաս դե Վաալ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատերազմ չեն ցանկանում. Թոմաս դե Վաալ

Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը Эхо Кавказа-ի հետ զրույցում խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին:

«Ես կարծում եմ, որ բոլորը շատ, թե քիչ հասկանում են՝ հակամարտության ցանկացած կարգավորման դեպքում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի հսկողության տակ: Բայց այստեղ կա նաև Լեռնային Ղարաբաղին կից տարածքների հարցը, որոնք չեն եղել Լեռնային Ղարաբաղի մաս, Ադրբեջանի շրջանները, որոնք նույնպես գտնվում են հայկական զորքերի հսկողության տակ: Իհարկե, Բաքուն երբեք չի հաշտվի այդ տարածքների կորստի հետ, որտեղ ապրում էին կես միլիոն ադրբեջանցիներ, որոնք մինչ այժմ փախստականներ են: Մյուս կողմից` հայկական կողմը դրանք չի հանձնի, մինչև չլինեն անվտանգության ամուր երաշխիքներ: Ես կարծում եմ, որ 20 տարի առաջ շատ ավելի հեշտ էր լուծել այդ հարցը, քան այժմ»,- ասել է նա:

Դե Վաալը նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսման վտանգը միշտ մեծ է` հավելելով, սակայն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատերազմ չեն ցանկանում:  «Ո՞վ կգնա ռիսկի և նման վտանգավոր հակամարտություն կսկսի, որը կարող է հանգեցնել զանգվածային զոհերի ու ավերածությունների: Սակայն մյուս կողմից կոնֆլիկտայնության մակարդակը շատ բարձր է՝ փոխադարձ սպառնալիքներ, բանավոր հայտարարություններ և շփման գծում ծանր սպառազինության զանգվածային կուտակում՝ հրետանի, ավիացիա: Այնտեղ շատ լուրջ ռազմականացում է: Դա նշանակում է, որ առաջնագծում գտնվող հրամատարները նույնպես իրենց կշիռն ունեն: Հրադադարի լուրջ խախտման դեպքում նրանք ստիպված կարող են արագ որոշում կայացնել և չհասցնել կապվել Բաքվի կամ Երևանի հետ, և այդ իրավիճակում, իհարկե, մեծ վտանգ կա»,- նշել է դե Վաալը: