կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-04 21:48
Հասարակություն

Թուրքիայում խոշոր տուգանքներ են սահմանել Facebook-ի, Twitter-ի, Instagram-ի, Periscope-ի, Youtube-ի եւ TikTok-ի դեմ

Թուրքիայում խոշոր տուգանքներ են սահմանել Facebook-ի, Twitter-ի, Instagram-ի, Periscope-ի, Youtube-ի եւ TikTok-ի դեմ

Այն բանից հետո, երբ Թուրքիայում ուժի մեջ է մտել սոցցանցերի կարգավորումը խստացնելու մասին նոր օրենքը, խոշոր տուգանքներ են սահմանել Facebook-ի, Twitter-ի, Instagram-ի, Periscope-ի, Youtube-ի եւ TikTok-ի դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Օմեր Ֆաթիհ Սայանը, հաղորդում է DW-ը:

Թուրքիայի խորհրդարանը հուլիսի վերջին օրենք է ընդունել, որը մեծացնում է սոցցանցերի նկատմամբ հսկողությունը. եթե Թուրքիայում դրանք այցելում են օրական ավելի քան 1 մլն օգտատեր, ապա նրանք պետք է տեղական մասնաճյուղ բացեն եւ ներկայացուցչի նշանակեն, ով Թուրքիայի քաղաքացի է: Եթե պահանջը չի կատարվում, հայտնի սոցցանցերի տրաֆիկը կարող է սահմանափակվել դատարանի կողմից 95 տոկոսով:

Օրենքը նաեւ պարտավորեցնում է հարթակներին 48 ժամվա ընթացքում արձագանքել կոնտենտը ջնջելու կամ արգելափակելու մասին հարցմանը:

Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Անկարայի գործողությունները՝ նշելով, որ սոցիալական մեդիան «Թուրքիայում քննադական լրագրության վերջին ապաստարանն է»: Իրավապաշտպանները օրինագիծը գնահատել են որպես համացանցում կոշտ քննադատությանը Թուրքիայի «քաղաքականապես թուլացած» նախագահ Թայիփ Էրդողանի միակ պատասխանը: «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Թուրքիայում Facebook-ից օգտվում է 37 մլն, իսկ Twitter-ից՝ 16 մլն բնակիչ: