|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Ջավախք աշխարհի պանծալի զավակ, հայ դասական գրականության տաղանդավոր քնարերգու Վահան Տերյանի անմահ պոեզիան հերթական անգամ համախմբեց նրա արվեստի հազարավոր երկրպագուներին: 1967 թվականից սկիզբ առած գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ հուլիսի նախավերջին հանգստյան օրը Տերյանական շունչն ու ոգին են իշխում Ջավախքում:
Այդ ամրակուռ ավանդույթի ուժով՝ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում վերստին մեծարվեց տաղանդավոր բանաստեղծը՝ դառնալով նրա պոեզիայի հավերժության և անմահության յուրօրինակ խորհրդանիշը:
Առավոտից Գանձան համակված էր տոնական բարձր տրամադրությամբ: Մեծ քնարերգուի հիշատակը հարգելու և տոնին մասնակցելու համար գյուղ էին ժամանել բազմաթիվ հյուրեր Թբիլիսիից, Վրաստանի տարբեր տարածաշրջաններից և մայր Հայաստանից:
Տոնական օրն սկսվեց բանաստեղծի պապի՝ Տեր Գրիգորի կողմից 1859 թվականին կառուցված պատմական Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցված հոգևոր արարողությամբ, որին մասնակցեցին նաև շրջանի ղեկավարներն ու հյուրերը:
Հոգևոր արարողությունից հետո Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սմբատ Կյուրեղյանն ու Սամվել Մանուկյանը, հոգևոր հայրերն ու պաշտոնական այլ անձինք այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարան: Ներկաները շրջայց կատարեցին հուշահամալիրում, ծանոթացան մեծ քնարերգուի կյանքն ու գործունեությունը պատմող բացառիկ թանգարանային նմուշներին և փաստագրական հարուստ նյութերին:
Կեսօրին տոնախմբությունը տեղափոխվեց Գանձա գյուղի ընդարձակ դաշտավայր, քանի որ, ինչպես տարիների փորձն է հուշում, ոչ մի դահլիճ ի զորու չէ տեղավորել տերյանական պոեզիայի հազարավոր երկրպագուներին:
Միջոցառումն ուղեկցվեց Նինոծմինդայի երգի ու պարի ժողովրդական համույթների, անհատ կատարողների ու շնորհալի ասմունքողների գեղեցիկ ելույթներով: Տերյանական նրբահյուս տողերն ու ազգային մեղեդիները թևածում էին Ջավախքի երկնքի տակ՝ Տերյանական ավանդական օրը վերածելով իսկական ու անմոռանալի ժողովրդական հանդիսության:
Աղբյուրը՝ Javakheti Georgia