կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-24 12:06
Հասարակություն

Ջավախքում շարունակվում են ուսուցիչների զանգվածային կրճատումները

Ջավախքում շարունակվում են ուսուցիչների զանգվածային կրճատումները

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշել է, որ Ջավախքի դպրոցներում արդեն աշխատանքից ազատվել է շուրջ 200 հայ մանկավարժ, եւ նրանք անգամ չգիտեն, թե ինչու են հեռացվել աշխատանքից:

 

«Այդ ցանկում հիմնականում ընդգրկված են ավելի ազատամիտ, ազգային նկարագրի տեր մանկավարժները, ովքեր իսկապես հայեցի կրթություն են փոխանցում երեխաներին, ինչը, բնականաբար, չի բխում վրացական իշխանությունների շահերից, քանի որ նրանց քաղաքականությունը միտված է հայերենը տարածաշրջանից եւ դպրոցից աստիճանաբար դուրս մղելուն»,- ասել է պատգամավորը:

 

Հատկանշական է, որ վրացական իշխանությունները չեն կատարել նաեւ ՀՀ ԿԳՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները, որոնցից մեկով նախատեսվում էր վերականգնել հայոց լեզվի` նախորդ տարի կրճատված ժամաքանակները:

 

«Այսօրվա դրությամբ հայկական դպրոցներում հայերենի ժամաքանակները շատ ավելի քիչ են, քան վրացերեն լեզվինը: Դա հատկապես վտանգավոր է տարրական դասարաններում, երբ երեխաների մոտ նոր-նոր է ձեւավորվում ազգային լեզվամտածողությունը: Փաստորեն, արդեն տարրական դասարաններից սկսում են հայ երեխայի ազգային դիմագիծը խեղել եւ թույլ չտալ, որ հայ երեխաները նորմալ, հայեցի կրթություն ստանան»,- նշեց Շ. Թորոսյանն ու հավելեց, որ իրենք կապեր ենք հաստատել եվրոպական տարբեր կառույցների հետ, քանի որ վրացական իշխանությունների հետ այդ թեմաները քննարկելն իմաստ չունի:

 

«Այդ հեղինակավոր կազմակերպությունների միջոցով ենք փորձում ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս հարգեն ազգային փոքրամասնությունների իրավունքները»,- ասաց նա: