|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.44 |
| EUR | ⚊ | € 425.59 |
| RUB | ⚊ | ₽ 5.1179 |
| GBP | ⚊ | £ 493.34 |
| GEL | ⚊ | ₾ 138.69 |
ՀԱՊԿ-ը կարող է կիրառել կազմակերպության կանոնադրության այն դրույթները, որոնք վերաբերում են անդամ պետությունների պարտավորությունների չկատարմանը՝ Հայաստանի կողմից անդամավճարների երկարատև չվճարման պատճառով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Այս իրավիճակում անհրաժեշտ է որոշում կայացնել։ Այս հարցն այսօր քննարկել ենք։ Հայաստանը արդեն ավելի քան երկու տարի չի վճարում ՀԱՊԿ-ի բյուջե նախատեսված իր անդամավճարները, իսկ նման դեպքերի համար կանոնադրությամբ համապատասխան մեխանիզմներ են սահմանված։ Մենք պայմանավորվել ենք ուսումնասիրել այդ հոդվածի կիրառման հնարավորությունը»,- նշել է Լավրովը։
ՀԱՊԿ-ի կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, ապա Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է ժամանակավորապես զրկել այդ երկրի քաղաքացիներին կազմակերպությունում քվոտային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ինչպես նաև կասեցնել տվյալ պետության ձայնի իրավունքը կազմակերպության մարմիններում՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։
Նույն հոդվածով նախատեսվում է նաև, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության պահանջները, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումները կամ դրանց իրականացման նպատակով ընդունված այլ որոշումները, ապա խորհուրդը կարող է կասեցնել այդ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմինների աշխատանքներին կամ նույնիսկ որոշում կայացնել նրա անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ։
Այսպիսի հարցերով որոշումներն ընդունվում են առանց տվյալ անդամ պետության ձայնը հաշվի առնելու։