կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 15:00
Աշխարհ

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:


Նիստի ընթացքում քննարկվեցին և հավանության արժանացան նույն օրը կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են Կազմակերպության և դրա շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանը


Նախարարներն անդրադարձան  մինչև 2020 թ. ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթերի նախագծերի, արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքի համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի անդամակցությանը, Աֆղանստանում իրավիճակի զարգացման վերաբերյալ կանխատեսումներին:


ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկեցին Կազմակերպության գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը, տեղեկատվական բնագավառում համագործակցության, կազմակերպչական և ֆինանսական հարցերը, ինչպես նաև համաձայնեցրեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:


Հանդիպման օրակարգում էին հաջորդ տարի նախատեսվող ՀԱՊԿ-ում Ղրղզստանի նախագահության առաջնահերթությունները, նաև հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության օպտիմալացման, ահաբեկչության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, արտակարգ իրավիճակներին արձագանքման հարցերը:


Համատեղ նիստի արդյունքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվեցին Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:


Նիստի ավարտին ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահությունը Ղազախստանից փոխանցվեց Ղրղզստանին։