|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իսրայելի պաշտպանության բանակն առավոտյան հարավային Լիբանանի երկու քաղաքի բնակիչներին տարհանման կոչ է արել՝ նշելով, որ «Հեզբոլլահ»-ի կողմից հրադադարի համաձայնագրի խախտման պատճառով բանակը «ստիպված է գործել դրա դեմ ուժային միջոցներով»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Մինչ այդ Իսրայելը «Հեզբոլլահ»-ին մեղադրել էր հարավային Լիբանանում իր ուժերի վրա երկու ականանետային հարձակում իրականացնելու համար։
Իր հերթին, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 4-ին Իսրայելի հարձակումների հետևանքով երկրում զոհվել է 17 մարդ: Գերատեսչության տվյալներով՝ ապրիլի 30-ից ի վեր իսրայելական հարվածներից զոհվածների թիվը հասել է 110-ի։
Իսրայելը հայտարարում է, որ նույն ժամանակահատվածում իր 17 զինվոր է սպանվել, և մեղադրում է «Հեզբոլլահ»-ին հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելու համար։
«Հեզբոլլահ»-ը չի ստորագրել Իսրայելի և Լիբանանի միջև ապրիլին հաստատված հրադադարը, սակայն խմբավորումը հայտարարել էր, որ կհետևի հրադադարի պայմաններին, եթե Իսրայելը դա անի։
Իսրայելի զինված ուժերի պնդմամբ՝ հրադադարի համաձայնությունը թույլ է տալիս գործել «պլանավորված, վերահաս կամ շարունակական հարձակումների» դեմ։
Երկու կողմը միմյանց մեղադրում են հրադադարի բազմաթիվ խախտումների համար։
Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ սկսեց Իսրայելի դեմ։