Միասին կարող ենք
կարևոր
1618 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-19 22:12
Քաղաքական

Դուք կարող եք թուրքական երազանքի վաճառական դառնալ, բայց ձեզ ոչ ոք թույլ չի տվել աճուրդի հանել մեր ինքնությունը. Լիլիթ Գալստյանի արձագանքը

Դուք կարող եք թուրքական երազանքի վաճառական դառնալ, բայց ձեզ ոչ ոք թույլ չի տվել աճուրդի հանել մեր ինքնությունը. Լիլիթ Գալստյանի արձագանքը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Այսօր, հերթական անգամ հնչեց հերթական նողկալի սուտը։ Մամուլի ասուլիսում փաշինյանը հայտարարեց, որ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Է․Գզոյանը աշխատանքից ազատվել է Ջ․ Դ․ Վենսին «Արցախյան հիմանահարց» գիրքը նվիրելու և խաղաղության գործընթացը խաթարելու համար։ ՍՈՒՏ և զազրելի ՍՈՒՏ․․․

Վենսին նվիրած գիրքը հետևյալ վերնագիրն ունի․ «1905-1921թվականներին Անդրկովկասում հայերի նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիան ըստ ամերիկյան մամուլի/ աղբյուրների»։

Նախ, հիշեցնեմ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը» հիմնադրամ է, և տնօրենի նշանակումն ու ազատումն իրականացնում է հոգաբարձուների խորհուրդը։

Այդուհանդերձ, Փաշինանը հրապարակային խոստովանել է, որ Գզոյանին իր հրահանգով են ազատել աշխատանքից։ Իսկ գործին ու գաղափարին անմնացորդ լծվել է նախարար Անդրեասյանը․․․․

Անհարմար իրավիճակում հայտված ԿԳՄՍ նախարարը ստիպված էր հրաժարվել իր կողմից շրջանառության մեջ դրված նախնական վարկածից, թե հուշահամալիրի շինարարության հետ է կապված տնօրենի հեռացումը, բայց փաստերն այլ բանի մասին են խոսում։

Օրեր առաջ հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանը թե՜ իր գրառման մեջ, թե՜ «Առավոտին» տված հարցազրույցում /Մարտ 11/ հաստատում է, որ «Իրենց պաշտոնական տեղեկացմամբ պատճառը շինարարությունն է՝ հուշահամալիրի նորոգման հետ է կապված»։ Խոսքը հոգաբարձուների խորհրդի նիստի մասին է, որին մասնակցել է նախարար Անդրեասյանը։

Հիմա Ժ․ Անդրեասյանը մեկ այլ հիմանվորում է շրջանառում․ «Կառավարման մասով է» ժողովրդավարության բաստիոնի բարձունքից հայտարարում է նա՝ շարունակելով սոփեստական ու մերկապարանոց խոսույթը․ թե «Եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ և այն գտել է իր հանգուցալուծումը», հետո շարունակում է՝ «Որևէ մեկին բացատրություն ներկայացնելու կարիք չունեմ»։

Այդ իրավիճակի անունը անունը «արտաքին քաղաքականությունն է և պրոտոկոլ»՝ բացահայտում է Փաշինյանը։

Ո՞ր արտաքին քաղաքականության․ կառավարության 2021-2026թթ ծրագրով հաստատվա՞ծը, ուր 16 անգամ հիշատակվում է Արցախը, թե՞ Արտաքին քաղաքականության գլուխը, ուր Ցեղասպանության ճանաչումն ու կանխարգելումը արտաքին քաղաքական առաջնահերթություն է։ Ինչո՞ւ եք շարունակում խաբել հանրությանը։

Ո՞ր պրոտոկոլը․ իսկ դուք ի՞նչ պրոտոկոլ եք տրամադրել Թանգարանին։ Իսկ դուք տեղյա՞կ եք, որ ԱՄՆ համապատասխան մարմինները նախապես տեղում ճշտել են ու հաստատել իրենց պրոտոկոլն ու ընթացակարգը։

Այդ դեպքում ինչու՞ աշխատանքից չի ազատվել բուն մեղավորը՝ քպ «պրոտոկոլի» պատասխանատուն։

Իսկ դուք գիտե՞ք, որ տվյալ գիրքը մի քանի տասնյակ հյուրերի է նվիրվել և շատ լավ է արվել, որովհետև պատմության և ինքնության ռեվիզիան, որին լծվել են վարչախումբն ու նրա ստրկամիտ կամակատարները մեկ անուն ունի՝ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՐԱՑՈՒՄ։

Եվ ի՜նչ լավ է, որ իրենց գիտական և ազգային արժանապատվությունը գետնաքարշ չեն դարձրել Թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խոհրդի հինգ անդամները՝ ֆրանսահայ Ռայմոն Գեւորգյանը, աներիկահայ Ստեփան Աստուրյանը, Հրանուշ Խառատյանը ու Հարություն Մարությանը և ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Յաղուբյանը, որոնք հենց այդ՝ հոգաբարձուների նիստում հրաժարականի դիմում են ներկայացրել։

Խնդիրն իրականում գիրքն ու նրա վերնագիրը չեն, ոչ էլ առանձին վերցրած մեկ պաշտոնյաի աշխատանքից ազատելը։

Դուք կարող եք նվաստանալ որքան կարող եք, սա ձեր ընտրությունն է, փոքր մարդու ձեր տեսլականն ու ձեր կամքը։

Դուք կարող եք թուրքական երազանքի վաճառական դառնալ, բայց ձեզ ոչ ոք թույլ չի տվել աճուրդի հանել մեր ինքնությունը, մեր անցյալն ու ապագան․․․»: