կարևոր
361 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-13 17:35
Քաղաքական

Ժողովուրդ ջան, ընտրատեղամաս չգնալ, չմասնակցել նշանակում է՝ ընտրել Նիկոլին ու իր թիմին․ Քրիստինե Վարդանյան

«Սա հակադաշնակցական արշավ չէ, ինքնության դեմ արշավ է, որի մասն է նաեւ դաշնակցության դեմ արշավը: Հակաարցախյան արշավ տեսել էինք, հակաեկեղեցական արշավ տեսել էինք, հակադաշնակցական արշավ ո՞նց կարող է չտեսնեինք: Ցավոք, հայտնվել ենք այն վիճակում, որ Հայաստանում խոսում ենք հայկական ինքնության անհրաժեշտության մասին: Սա է այս ընտրությունների առանձնահատկությունը»,-«Հանրային-քաղաքական դաշտը՝ ընտրություններին ընդառաջ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Քրիստինե Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով՝ քաղաքական ուժերի միասնությունը մեկ լինելը չէ, նույնական լինելը չէ, այլ անկյունաքարային հարցերում համաձայն լինելն է, ինչը լռելյայն առկա է. «Հայաստանում ջրբաժան է անցկացվել՝ ջրբաժանի մի կողմում ինքնության դեմ պայքարողներն են, մյուս կողմում՝ անկախ տարբերություններից, ինքնությունը պաշտպանողներն ու կրողները: Մեր ինքնությունը պաշտպանելով՝ մենք ինքներս մեզ ենք պաշտպանում: Ինչի ականատես ենք եղել վերջին տարիներին, վերջին երկու օրը դրա խտացված տարբերակը ինքնության դեմ արշավի դրսեւորւմներից մեկն էր»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Քրիստինե Վարդանյանը վստահ է, որ ընտրություններին ընդառաջ  գործող իշխանություններն է՛լ ավելի կսաստկացնեն ինքնության դեմ արշավը, գուցե նաեւ գործիքակազմը փոխեն, բայց դրանից բնույթը չի փոխվելու. «Իրենց տված քվեն մեկնաբանվելու է որպես ինդուլգենցիա՝ կաթողիկոսի դեմ հարձակվելու համար… Երբ Վաղարշապատում ընտրվեց իրենց թեկնածուն, իրենք ասացին, որ սա կանաչ լույս է ՝ հակաեկեղեցական արշավը շարունակելու համար: Հունիսի 7-ի ընտրությունը իշխանությունը վերածելու է իր  համար կանաչ լույսի՝ ոչ միայն հակաեկեղեցական եւ ինքնության դեմ արշավը շարունակելու, այլեւ Ադրբեջանի հետագա պահանջները կատարելու համար»: