Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ո՞վ է դաշնակցականը:
Առաջին և հուսամ վերջին մարտահրավերը, որին կարձագանքեմ ????
Ես դաշնակցական դարձել եմ անցած տարի` 6 տարի ոչ կուսակցական կառույց հանդիսացող Երիտասարդական միության անդամ լինելուց հետո: Հե՛նց անցած տարի` երկրում տեղի ունեցած բոլոր փոփոխություններից հետո, ինձ համար բոլոր խնդրահարույց հարցերի պատասխանները ստանալուց հետո:
Ընտրել եմ այս կուսակցությունը գաղափարախոսության, նպատակի ու կերպարների համար, որոնք ինձ համար ուղենիշ են հանդիսանում:
Դաշնակցական կարող ես լինել եթե.
Հեղափոխական ես.
Անցած տարի` պարգևավճարների սկանդալի ժամանակ ինձ մոտ կոգնիտիվ դիսոնանս էր: Մի կողմից միանգամայն տրամաբանական է. պետական ապարատին անհրաժեշտ են լավ մասնագետներ, լավ մասնագետներին անհրաժեշտ է նորմալ վարձատրություն` այստեղից էլ պարգևավճարները: Բայց մյուս կողմից ո՞ւր մնաց հեղափոխականությունը: Ի վերջո հեղափոխականությունը ստանդարտից դուրս մտածելն ու գործելը չէ՞: Հեղափոխականությունը ինքնազոհողություն չի՞ ենթադրում:
Դաշնակցական լինելու համար պետք է լինել հեղափոխական` դրանից բխող բոլոր հետևանքներով: Այո՛, եթե հարկավոր է, պետք է պետության համար ամենացածր աշխատավարձով (գուցե նաև անվճար) գիշեր-ցերեկ աշխատել (Արամ Մանուկյանը ձեզ օրինակ):
Ժողովրդավար ես.
Հիմա նորաձև է ժողովրդավարական գաղափարների հետևորդ լինելը: Եզակի թվով մարդիկ կասեն, որ իրենք ժողովրդավար չեն: Սակայն սովորաբար մարդիկ ժողովրդավար ենք այնքան ժամանակ, քանի ամեն ինչ իրենց սրտով է: Ամենափոքր տարաձայնությունների ի հայտ գալուն պես մարդիկ սկում են պնդել, որ իրականում խելացիները միշտ փոքրաթիվ մարդիկ են:
Իրականում, իմ կարծիքով, անհատը կարող է իրեն ժողովրդավար համարել, եթե համոզված է, որ մեծամասնությունը կարող է ավելի լավ տեսնել իրավիճակը և ավելի խելամիտ լուծումներ առաջարկել: Եթե փոքրամասնություն լինելով կարողանում ես վստահել մեծամասնության կայացրած որոշմանը ոչ թե նրա համար, որ այդպես է ասված, այլ այն պատճառով, որ վտահ ես` ավելի շատ թվով քեզ նման մարդկանց կողմից ավելի բարձր է ճիշտ որոշում կայացնեու հավանականությունը, ուրեմն կարող ես քեզ ժողովրդավար համարել:
Եթե դաշնակցական ես, պարտավոր ես լինել ժողովրդավար, որովհետև այստեղ միշտ ճիշտ է մեծամասնությունը, իսկ մեծամասնության որոշումը պարտադիր է բոլորի համար:
Ընկերվար ես.
Քեզ համար բավարա՞ր է քո և քո հարազատների բարեկեցությունը, թե՞ երջանիկ լինելու համար քեզ անհրաժեշտ է ընդհանուր առմամբ լավ ապրող հանրություն: Կարո՞ղ ես արդյոք դու բարեկեցիկ կյանքով ապրել աղքատության բարձր ցուցանիշների պարագայում, թե՞ դա քեզ կխանգարի: Պատրաստ ե՞ս ըստ կարողությունների ներդրում ունենալ պետության զարգացման գործում, թե՞ դիրքավորվելու ես «ամեն մեկը ստանում է իր հասանելիքը, ես ոչնչով պարտական չեմ հասարակությանը» ճամբարում:
Եթե կարծում ես, որ հասարակական համերաշխությունը կարևոր նախապայման է ու ինքդ էլ պատրաստ ես քո սեփական կարողությունների համապատասխան ներդրում ունենալ այդ համերաշխության ձևավորման գործում ուրեմն կարող ես քո գործունեությունը պատկերացնել ՀՅԴ-ում:
Ազգային գաղափարախոսության կրող ես.
Մեզ` որպես պետություն, պետք է՞ արդյոք ինքնուրույն դիմագիծ: Մենք որևէ բանոով առանձնանո՞ւմ ենք պայմանականորեն վերցրած ճապոնացիներից կամ շվեդներից, թե՞ աշխարհի բոլոր մարդիկ նույնն են:
Ես կարծում եմ, որ ազգերը տարբերվում են իրենց լեզվամտածողությամբ, դրանից բխող սովորությներով, մշակույթով: Կարծում եմ նաև, որ պետությունների հիմնական նպատակը իրարից տարբերվող այդ ազգերի շարունակականությունը և զարգացումը ապահովելն է:
Հավատում ես նպատակին.
Ազատ անկախ, միացյալ Հայաստանի գաղափարը հիմա արդեն շատերի մոտ ծիծաղ կարող է առաջացնել: Նաև այստեղ է մեր տարբերությունը: Ես կարծում եմ, որ Հայաստանը (ներառյալ Արցախը) հզորացնելը մեր առաջնային ու հիմնական օրակարգը պետք է լինի: Բայց ես գիտեմ, որ սա իմ ամբողջական պետությունը չի, սա իմ ամբողջ տունը չէ: Կա հարևան, որ իմ տան մի մասը խլել է ու ես պետք է պատրաստ լինեմ(այս արտահայտութնունից բխող բոլոր հետևանքներով) հարմար առիթի դեպքում իմ իրավունքներին տեր կանգնելու համար:
Ենթարկվում ես կանոնագրին.
Դաշնակցական լինելու ամենաբարդ մասերից մեկը կանոնագիրը չխախտելն է: Այո՛ , մենք ունենք ներքին օրենքների մի ամբողջ հավաքածու, որով կարգավորվում է մեր վարքագիծը կառույցի ներսում: Այդ կանոնագիրը պարտադիր է բոլորի համար:
Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած դեպքերից կարող է տպավորություն ստեղծվել, որ կանոնագիրը արգելում է որևէ այլակարծություն: Իրականում, սակայն, կանոնագիրն ապահովում է իրական ժողովրդավարությունը (երբևէ իմ տեսած ամենաիսկական ժողովրդավարությունը): Կանոնագրով` օրինակ, ամրագրվում են բոլոր այն մեխանիզմները, որով դու կարող ես քո տեսակետը արտահայտել մինչև բարձրագույն մարմին կամ ժողով:
Նույն այդ կանոնագրով նախատեսված մեխանիզմներով դու կարող ես ամենասուր հարցերն ուղղել ցանկացած դաշնակցական գործչի կամ մարմնի, կարող ես հաշվետվություն պահանջել: Միայն այս մեխանիզմների առկայության պատճառով է, որ անիմաստ է դառնում Դաշնակցությունից դուրս Դաշնակցությանը քննադատելը:
Եթե քո նպատակը կառույցի ներքին հարցերի պարզաբանումնն ու լուծումների որոնումն է, անիմաստ է դրանք կառույցից դուրս փնտրելը` կանոնագրով արդեն սահմանված են անհրաժեշտ բոլոր իրավունքներն ու գործողությունները:
Ես չեմ հիշում որևէ կարևոր ժողով, որին տեսակետների լուրջ բախում կամ երբեմն անգամ ինքնախարազանման հասնող քննադատություն չի եղել: Ու ես միշտ ինձ այդ հարցը տվել եմ. ուրիշ ո՞ր քաղաքական կազմակերպությունում կա այս մթնոլորտը: (Եթե կա, խնդրում եմ ասեք, իսկապես հետաքրքիր է):
Այս երկար տեքստը գրելու մարտահրավեր ինձ նետեց Sevak Nazarian-ը: Հիմա ես պետք է մարտահրավեր նետեմ իմ ընկերներին` խոսելու Ո՞վ է դաշնակցականը հարցի շուրջ:
Ուրեմն Խաչիկ Չուխաճեան, Harout Chirinian, Meghri Dervartanian, Լուսինե Քարամյան, Argine Gevorgyan հերթը ձերն է:
Հ. գ. իրականում շատ երկար մտածում էի այս ամբողջի փոխարեն գրել.
Դաշնակցականի լավագույն օրինակ է ԱՐԱՄը: