Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրանտ Գրիշայի Պետրոսյան (1975-2020)
Երեք պատերազմ տեսած հերոսի կյանքը կանգ առավ Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղի պաշտպանության ժամանակ՝ հոկտեմբերի 23-ին: Հրանտի հայրը, մարտական ընկերները պատմում են՝ ոտքերից վիրավորված հերոսը ծնկած շարունակել է հայրենիքի պաշտպանությունը, չի նահանջել, չի ընկրկել: Պատվարժան հրամանատարի կեցվածքը հետո պիտի օրինակ լիներ ջոկատի տղերքի համար:
Մայրը
Սեւ ու սպիտակ լուսանկարները մեկիկ-մեկիկ դասավորում է սեղանին, արցունքների մեջ խեղդելով վիշտը, որդու մասին է պատմում․ «Ոսկի ձեռքեր ուներ իմ տղան, ամեն ինչ անում էր իմ էրեխեն: Հայրենասիրությանը սահման չկար, միայն լսեր, որ հայրենիքի պաշտպանության համար է: Այս պատերազմին ջոկատի հրամանատար էր»: Թոռան՝ հերոսի որդու մասին է պատմում, ասում է՝ հոր մահից հետո տեղը չի գտնում. «Հրանտիս 20 տարեկան որդին, որն առողջական խնդիրներ ունի, հայրիկի հետ շատ էր կապված: Ամբողջ օրը հեռախոսի մեջ նայում է նկարները, դնում այտին՝ ա՛խ, պա՛պ ջան, ա՛խ, պա՛պ ջան»: Հրանտի նպատակների մասին է խոսում, որոնք ի չիք եղան, երբ սեպտեմբերյան մի առավոտ թշնամին որոշեց հարձակվել Արցախի վրա: «Շատ նպատակներ ուներ տղաս: 45 տարեկան էր, երեք պատերազմի միջով էր անցել, բայց այսպիսի դաժան բան չէր տեսել: Որքան զոհեր են եղել. դիակները չկան: Շնորհակալ եմ իր ընկերներից, որ կարողացան որդուս մարմինը տուն բերել»:
Եղբայրը
Ցույց է տալիս Հրանտի կոտրված հեռախոսը, ապա դողացող ձայնով կամացուկ ներկայացնում. «Գրպանից են գտել: Սրանով չէր զանգում, ուրիշ համարից էր զանգում: Վերջին անգամ խոսել է աղջկա հետ»:
Հայրը
Զոհվածի հայրը՝ Գրիշա Պետրոսյանը, որդու բնավորության լավագույն գծերն է ներկայացնում՝ համեստ էր, բոլորին հարգող:
«Չգիտեմ՝ ինչպես ասեմ…Այն սիրտն ուներ, որ ոչ մեկը չուներ: Մտածում էր՝ մեր հողն ու ջուրը ինչի՞ պիտի թուրքը տանի: Պատերազմի սկսվելուց երկու շաբաթ հետո, երբ դիրքերից երեք օրով եկավ, ասաց՝ սա պատերազմ չի, սա մսաղաց ա, մսաղաց: Մենք չունենք այն զենքն ու զրահը, որ կարողանանք դեմն առնել: Այստեղ մեր տղերքը կոտորվեցին, մենակ իմ էրեխու ասելով չի: Բոլոր մեծամեծերն են ասում՝ չունեինք օդուժի դեմը կտրող, օդուժը կոտորեց»,- պատմում է նա:
Հերոս որդու մասին մարտական ընկերները պատմություններ են պատմել: Ծառայակից տղերքից մեկն ասել է. «Մի անգամ, երբ աչքը կպավ, ասաց՝ ուշադիր եղեք, թուրքը հանկարծ չտանի»:
Մարտական գործողությունների ժամանակ ոտքերից ծանր վիրավորված հերոսը չի ընկրկել: Հայրը պատմում է. «Ոտքերին են խփում, ծնկում է, վիրավոր շարունակում է աշխատել, հաջորդ՝ մահաբեր հարվածը կրծքին է դիպչում»:
Կինը
Ծանր լռություն է սենյակում: Ինչ-որ ժամանակ ծննդյան օրը տոն համարող Լիանան, ամուսնու գլխարկը ձեռքերի մեջ շոյելով, կոկորդը սեղմած, շշնջում է. «Հուղարկավորեցինք հոկտեմբերի 26-ին՝ իմ ծննդյան օրը: Նվեր արեց, որ ողջ կյանքս կհիշեմ…»։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան