կարևոր
1243 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-12 21:30
Քաղաքական

Կանցնեն ժամանակներ, հակադաշնակցական պայքարի պատմության աղբանոցը կհամալրեն նորերը. քաղաքագետ

Կանցնեն ժամանակներ, հակադաշնակցական պայքարի պատմության աղբանոցը կհամալրեն նորերը. քաղաքագետ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը գրում է.

«Այսօր մեր հասարակությունը հերթական անգամ ականատես եղավ խորհրդարանական մեծամասնության լպիրշությանն ու անամոթությանը։

Իշխանական պատգամավորները Հայաստանի Հանրապետության խորհրդարանում Դաշնակցության հասցեին գրեթե նույնությամբ կրկնում էին ադրբեջանական լուտանքները։ Բայց քպ-ական անամոթությունը շարունակ նոր բարձունքներ է նվաճում։

Մենք այսօր տեսանք Դաշնակցության հասցեին զազրախոսող քպ-ական պատգամավորի, ով ոչ վաղ անցյալում տարբեր ճանապարհներ էր փնտրում դաշնակցական նախարարներից մեկից պաշտոն ստանալու համար և ստացավ։

Մենք այսօր տեսանք պատգամավորի, ով ի պաշտոնե գիտի Եվրոպայում Հայ դատի համակարգի աշխատանքի կարևորության մասին, բայց շարունակում է հակադաշնակցական զազրախոսությունը։

Մենք այսօր տեսանք պատգամավորի, ով տարիներ առաջ որպես խորհրդի անդամ էր մեր կազմակերպություններից մեկում, բայց այսօր հաճույքով այլ հանձնարարություն է կատարում։

Ես չգիտեմ՝ խորհրդարանի կառավարող խմբակցության պատգամավորները ի՞նչ աստիճանի տեղեկատվության հասանելիություն ունեն, բայց կառավարությունում կան մարդիկ, ովքեր գիտեն թե Դաշնակցությունն այսօր էլ ինչ է անում։ Նրանք էլ գիտեն, բայց ուղղակիորեն քաջալերում և ուղղորդում են մեր նկատմամբ պատմական ու քաղաքական զեղծարարությունը։

Կարո՞ղ ենք մենք խոսել ավելի շատ, հանուն մեր հեղինակության ու վարկանիշի, պաշտպանվելիս ասել բաներ, որ չենք ասում։ Իհարկե՝ կարող ենք։ Բայց այդ լպիրշներին խորհրդարանական մեր ընկերներն ասեցին այն, ինչ պետք էր ասել։ Ավելին թերևս պետք չի։

Այդ ողորմելիները, միևնույնն է, ամոթից դրդված կարգի չեն գալու, վաղը եթե հանձնարարություն ստանան Դաշնակցությանը գովերգելու, նույն նախանձախնդրությամբ սկսելու են շողոքորթել։

Կանցնեն ժամանակներ, հակադաշնակական պայքարի պատմության աղբանոցը կհամալրեն նորերը, իսկ մենք, գուցե ավելի շատ կխոսենք այս տարիների ընթացքում մեր լուռ աշխատանքի, այդ աշխատանքը երբեք չգովազդելու, դրա համար քաղաքական արդյունք չակնկալելու մասին։

Այդ ժամանակ, վստահ եմ՝ ՔՊ-ն չի լինի, բայց կլինի՛ Հայաստանը, մեր բացարձակ ու գերագույն արժեքը, որին երդվել ենք ծառայել, որի ազատությանն ու անկախությանը մեր նվիրումն անսակարկելի է ու անժամանցելի»։