կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-21 13:24
Քաղաքական

Արցախի և Հայաստանի միասնությունը կասկածի տակ դնողներին պետք է նետել քաղաքական աղբանոցը․ Արեգնազ Մանուկյան

Արցախի և Հայաստանի միասնությունը կասկածի տակ դնողներին պետք է նետել քաղաքական աղբանոց
 
Մեր սիրտն Արցախի հետ է, որովհետև Հայաստանն առանց Արցախ և Արցախն առանց Հայաստան անպաշտպան են ու որբացած։ Հետևաբար՝ մեր միասնությունը կասկածի տակ դնողներին պետք է նետել քաղաքական աղբանոց և մաքրել մեր երկիրը ներսից քայքայող միջատներից։
Մենք ծանր ժամանակներ ենք ապրում։ Աշխարհն իրար է խառնվել։ Մեր թշնամիները սպասում են ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանն ի վնաս Ռուսաստանի, որպեսզի հարձակվեն մեր վրա։
 
Հայաստանի «թավշյա» իշխանությունները բերեցին պատերազմ ու պարտություն։ Հիմա էլ բերում են նոր խայտառակություն՝ իրենց թուրքական վեկտորն առաջ մղելով և Ռուսաստանի դեմ խաղեր տալով։
 
Հայաստանը մենակ էին թողել 44–օրյա պատերազմի օրերին, հիմա էլ են նույնն անում։ Անգրագիտությամբ, թե դիտավորությամբ, արդեն էական չէ։ Էականն այն է, որ Հայաստանը սրանք ուզում են դարձնել թուրքական ոտնաման սրբելու տեղ։ Ներսում էլ խրախուսում են հակառուսական քարոզը։ Աշխատում են Ռուսաստանի դեմ այն դեպքում, երբ այդ երկիրն է Արցախի գոյության երաշխավորն ու ՀՀ անվտանգության ապահովողը։
Ես ամենևին էլ արտաքին կողմնորոշումների կողմնակից չեմ, բայց ես ռեալ եմ գնահատում իրավիճակն ու փնտրում Հայաստանի և Արցախի շահը, այլ ոչ թե Հայաստանի ու Արցախի հաշվին դրսի, այդ թվում՝ մեր թշնամիների շահը սպասարկում։
 
Պետք է ապավինել սեփական ուժերին ու միաժամանակ դաշնակիցներ ակնկալել։ Դաշնակցում են ուժեղի ու արժանապատիվ կեցվածք ունեցողի, այլ ոչ թե ողորմելիի հետ։
 
Եթե որոշենք ոտքի կանգնել, ապա աշխարհում ոչ մեկն ու ոչինչ մեզ չեն կարողանա խոչընդոտել։ Իսկ եթե որոշենք ծնկի գալ ու թշնամուց խաղաղություն մուրալ, ինչպես օրվա իշխանություններն են անում, ապա կարհամարհվենք աշխարհի կողմից, չենք հարգվի դաշնակցի կողմից ու կոչնչացվենք թշնամու կողմից։
 
Հայաստանի իշխանություններն ընտրել են մահվան ճանապարհը՝ անունը դնելով «խաղաղության դարաշրջան»։ Իրենք գլուխները մինչև գետին խոնարհած կանգնել ու թշնամուց ողորմություն են խնդրում։ Բայց դա իրենց, այլ ոչ թե հայ ժողովրդի ընտրությունն է։
Իրենք իրենց կաշին են ուզում փրկել՝ ապավինելով թուրքական օրակարգին։ Մենք մեր օրակարգն ու արժանապատիվ խաղաղության բանաձևը պետք է կյանքի կոչենք։
 
Այս իշխանություններին եթե մնա, ապա մենք թուրքական վիլայեթ կդառնանք։ Իրենք առաջնորդվում են պարտվածի հայեցակարգով։ Ասում են՝ միջոցներ չունենք, ու շարունակում են մսխել բյուջեն։ Արցախում հումանիտար աղետ է, իսկ սրանք մատը մատին չեն տալիս։ Փոխարենն իրենց անձնական շահը լավ էլ պաշտպանում են և պետության հաշվին ապրում։
 
Բերեմ կոնկրետ օրինակ, որն այսօրվա թեմային առաջին հայացքից չի առնչվում, բայց միայն առաջին հայացքից։ Այդ օրինակը ցույց է տալիս այս իշխանությունների ցինիկ, փարիսեցիական էությունը։
 
Բյուջեի թալանից, ժողովրդի գումարների մսխումից, անիմաստ այցեր կատարելուց տարիներ շարունակ բողոքող ու իրենց մեջտեղից փրթիկ-փրթիկ անող նախկին հեղափոխական տղաներն ու աղջիկներն այսօր իրե՛նք են ձեռքները մտցրել պետական բյուջեի մեջ ու թալանում են, վատնում՝ ինչքան ուժ ունեն։
 
Մասնավորապես, գերիների և անհետ կորածների ծնողների հետ փակ հանդիպման ժամանակ կոկորդիլոսի արցունքներ թափող Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական մի քանի պատգամավոր այդ հանդիպումից օրեր անց մեկնեցին հունական գերթանկարժեք Միկոնոս կղզի և ֆինանսավորման կասկածելի աղբյուրների հաշվին մի լավ զվարճացան։ Գերիների մասին ահա այսպես են մտահոգվում՝ ուրախանալով և դիսկոտեկում վեր-վեր թռչկոտելով։
 
Հիմա էլ նույն Ալեն Սիմոնյանը հսկայական պատվիրակությամբ մեկնել է Բալի։ Այսպես մսխում են հարկատուներիս վճարած գումարները։ Այսպես են սրանք ավելացնում ՀՀ պաշտպանունակությունը։
 
Թուրքական օրակարգին այս իշխանությունները դրա համար են կողմ։ Քանզի մեր թշնամիների բոլոր նախապայմանները բավարարելու դիմաց թուրքերից ակնկալում են իշխանական աթոռի պահպանության աջակցություն։ Թքած, թե Արցախի հետ ինչ կլինի, Հայաստանն ինչ օրը կընկնի։
Իրենք համաձայն են Արցախն Ադրբեջանի կազմում տեսնել։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրապարակավ չակերտավոր հիմնավորումներ էր ներկայացնում և, այսպես ասած, ապացուցում, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան։ ՔՊ-ական որոշ պատգամավորներ նրանից հետ չեն մնում։
 
Այս ամենի դեմն առնելու կարևոր նախապայմանն իշխանափոխությունն է։ Աշխարհի այս խառը վիճակը և մեր տարածաշրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ մեծ շռայլություն կլինի պարտության, նվաստացման խորհրդանիշ ղեկավար ունենալը։
 

Արեգնազ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր