կարևոր
880 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-09 09:59
Քաղաքական

Չլռելու պատճառով Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ուր այսօր այցելում է ԱՄՆ փոխնախագահը․ Ռուբեն Մխիթարյան

Չլռելու պատճառով Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ուր այսօր այցելում է ԱՄՆ փոխնախագահը․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լռությունը նույնպես ընտրություն է, բայց առանց այլընտրանքի ու շատ կոնկրետ: Այս տեքստը ձեզ հաստատ կհասնի, միսթր Վենս:

«Մեֆիստո» — Օսկարակիր ֆիլմ արվեստի և իշխանության լուռ գործարքի մասին։ Բոլոր զուգադիպությունները պատահական չեն:

Նախորդ դարի 30-ականներ, Գերմանիա: Դերասան Հենդրիկ Հոֆգենը սիրված է բոլորի կողմից։ Փառք, հաջողություն, հիացմունք։ Բայց երբ իշխանության են գալիս «նացիստները», Հենդրիկի շրջապատը աստիճանաբար նոսրանում է։ Ոմանք հեռանում են երկրից, ոմանք ենթարկվում են ճնշումների, իսկ ոմանք պարզապես զրկվում են ապրուստի միջոցներից։ Այդ ամենին ի պատասխան Հենդրիկը վճռականորեն հայտարարում է․

— Արվեստը քաղաքականությունից դուրս է։

Եվ մնում է։ Նրանից չեն պահանջում օրհներգեր երգել «նացիստներին»։ Պարզապես շարունակիր «քո տեղում լավ անել քո գործը» … և վայելել հաջողությունը։ Բեմ բարձրացիր։ Միայն թե մի՛ խոսիր այն մասին, որ քեզ չի գոհացնում տվյալ իշխանությունը։

Այսպես Հենդրիկը փայլուն կարիերա է կառուցում։ Նա դառնում է ոչ միայն առաջատար դերասան, այլև թատրոնի տնօրեն։ Փառք, հարստություն, երկհարկանի տուն Բեռլինի արվարձանում…

Պատմության խորհրդանշական ավարտում գլխավոր հերոսը հայտնվում է պրոյեկտորի կուրացնող լույսի ներքո՝ դատարկ մարզադաշտում։ Չկա հանդիսատես, չկա սիրելին, չկան ընկերները և կարծես այլևս չկա նախկին Հենդրիկը։ Նա դարձել է համակարգի մի մասը՝ ձևականորեն մնալով քաղաքականությունից դուրս, բայց իրականում վերածվելով այդ համակարգի փոքր, հնազանդ և վերահսկվող պտուտակի։

— Ես ընդամենը դերասան եմ…

Բղավում է Հենդրիկը...

Բայց այդ խոսքերը ոչ ոք չի լսում։

Եվ հարցը մնում է բաց,- ո՞ր պահից սկսած է լռությունը դառնում ընտրություն։

Հ.Գ. Չլռելու պատճառով Հայաստանում կան քաղ.բանտարկյալներ, ուր այսօր այցելում է ԱՄՆ փոխնախագահը:

Welcome to 1930s Germany, Mr. Vance.»։