կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 15:57
Քաղաքական

Հայաստանում քաղբանտարկյալներ կան. Սեյրան Օհանյան (հարց ու պատասխան)

Հայաստանում քաղբանտարկյալներ կան. Սեյրան Օհանյան (հարց ու պատասխան)

Արդեն տեղեկացրել ենք, որ երեք նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը համագործակցության հուշագիր են ստորագրել և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են մեկ դաշինքով:

Թեև հուշագրի ստորագրումից հետո հայտարարվեց, որ ասուլիս չի լինելու, սակայն Սեյրան Օհանյանը լրագրողների որոշ հարցերի, այնուամենայնիվ, պատասխանեց.

-Ասում են, որ Սամվել Բաբայանն է ձևավորել դաշինքը, և հնարավո՞ր է Ձեզ վրա որոշակի ազդեցություն ունի նա:

-Ես, ընդհանուր առմամբ, ազատ անձնավորություն եմ, օգտվում եմ իմ իրավունքներից և այսօր էլ ուզում եմ ասել, որ ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն  գործել` չնայած նրան, որ գիտեք՝ ես որտեղից եմ դուրս եկել, և ես չեմ փորձել ազդել  որևէ կուսակցության, որևէ անհատի վրա: Բոլոր որոշումներն ընդունվում են փոխադարձ հարգանքի և քննարկումների, առաջարկությունների շրջանակներում:

-Սամվել Բաբայանի հետ որևէ շփում կա՞:

-Սամվել Բաբայանի հետ մենք ունենք  մտերիմ հարաբերություններ, բայց այն, որ ասվում է, թե նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, այդպես չէ: Մնացած հարցերը կարող եք նրան ուղղել:

 -Պարո'ն Օհանյան, Դուք ձգտո՞ւմ եք իշխանափոխության:

- Ուզում եմ ասել հետևյանլը` ոչ միայն այս դաշինքը, այլև յուրաքանչյուր կուսակցություն, յուրաքանչյուր քաղաքական ուժ, որ այսօր ձևավորվել է, գնում է իշխանություն ձևավորելու: Նույնն էլ` մենք, մենք գնում ենք իշխանություն ձևավորելու: Իշխանության ձևավորման այն ժամանակահատվածում, ովքեր կարողանան մեր ժողովրդի մոտ մեծ քվեներ ձեռք բերել, հենց նրանք էլ կլինեն այդ իշխանություն տերը: Այն, որ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ այսօր, ոչ միայն ես, այլև ժողովրդի 99 տոկոսն է  նկատում, ես նրանց հետ համամիտ եմ:

-ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն կկազմե՞ք:

- Մենք դեռևս համապատասխան աշխատանք պետք է  տանենք, որպեսզի  ունենանք համապատասխան քվեներ մեր ժողովրդի մոտ:  Կարծում եմ՝ ժողովուրդը համապատասխանաբար վստահում է  բոլոր կուսակցություններին: Մենք հարգում ենք  բոլոր կուսակցությունների գործունեությունը, բոլոր դաշինքների գործունեությունը: Ես բոլորին մաղթում եմ առողջ մրցակցային պայքար, որտեղ կձևավորվի համապատասխան ուժ, որը կտանի երկիրը:

 -Հետընտրական փուլում քաղաքացիներին փողոց գալու կոչեր կանե՞ք:

- Եկեք ժամանակից շուտ որևէ որոշում չկայացնենք: Առաջարկում եմ, որպեսզի մենք քաղաքակիրթ ձևով, Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությամբ  խաղաղ  և բարեկրթորեն մոտենանք մեր պարտականություններին:

- Ձեզ մի օր կտեսնե՞նք Ազատության հրապարակում հանրահավաք անելիս:

- Եթե դաշինքը որոշի իր գործունեության մեջ  նաև հանրահավաքների իրականացումը, և կարծում եմ, որ հանրահավաքների իրականացումը նախընտրական փուլի մեջ է մտնում, անկասկած, ես լինելու եմ յուրաքանչյուր կուսակցականի, յուրաքանչյուր քաղաքացու  կողքին:

- Ինչպե՞ս կվերաբերվեք  նրան, որ պետությունը բանակն ու ոստիկանությունը հանի ժողովրդի դեմ:

- Ես ամենը տեսնում եմ օրինական շրջանակներում և կարծում եմ, այն ուժերը, որոնք գոյություն ունեն` պաշտպանելու ժողովրդի անվտանգությունը, իրենք պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում: Իսկ բանակը մեր ներքին քաղաքական կյանքում անելիք չունի, բանակը միշտ էլ զբաղվել է իր խնդիրներով:

- Դաշինքի օրակարգում կլինի՞ Մարտի 1-ի բացահայտումը:

-Մենք բացառապես գործելու ենք օրենքի շրջանակներում:  Եթե կան թերություններ, որոնք նախկինում եղել են և մինչև հիմա բացահայտված չեն, անկասկած,  մենք մեր ներուժը կօգտագործենք, որպեսզի այդ ամենը բացահայտվի: Ոչ միայն Մարտի 1-ը, ինչո՞ւ ենք մենք շեշտը դնում Մարտի 1-ի վրա:

-Որովհետև մարտի 1-ին տասը զոհ ունեցանք:

 -Եթե գործեր կան, որոնք բացահայտված չեն,  և օրինապահ մարմինները զբաղվում են, պետք է մենք էլ  հասցնենք մինչև վերջ:

-Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն:

- Քաղբանտարկյալներ այսօր Հայաստանում, իհարկե, կան, բայց  ես այսօր չեմ ուզում այդ ուղղությամբ…

- Ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյա՞լ է:

- Այդ հարցին հետո կպատասխանեմ:

 Օհանյանը նաև  անպատասխան թողեց հարցը՝ իր կինը որևէ կերպ ընդգրկված լինելո՞ւ է քաղաքական գործընթացներում: Նա հեռացավ՝ խոսատանալով մնացած բոլոր հարցերին պատասխանել առաջիկայում նախատեսված ասուլիսի ընթացքում: