կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-14 12:24
Քաղաքական

Սեյրան Օհանյանն էդ երբվանի՞ց է հասկացել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան. ՀՀԿ

Սեյրան Օհանյանն էդ երբվանի՞ց է հասկացել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան. ՀՀԿ

Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դժվարանում է ասել, թե Սեյրան Օհանյանը երբ է հասկացել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: «Էդ երբվանի՞ց է հասկացել, որ քաղբանտարկյալներ կան: Բարդ է, երբ կարգավիճակի փոփոխությունը բերում է ուրիշ մտածելակերպի»,- ասաց ՀՀԿ-ականը:

Հիշեցնենք, որ երեկ երեք նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի՝ առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան:

Սահակյանը թեև ասաց, որ երբևէ առիթ չի ունեցել Օհանյանի հետ խոսելու քաղբանտարկյալներին վերաբերող թեմայի մասին, բայց չի հիշում դեպք, երբ Օհանյանն իր իշխանության մեջ եղած ժամանակահատվածում ասած լինի, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան:

Անդրադառնալով  Օհանյանի այն ձևակերպումներին, որոնք վերաբերում էին Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը հետամուտ լինելուն՝  Սահակյանն ասաց. «Երբեմն դեմքիս ժպիտ է գալիս, որ նման պատասխաններ եմ լսում, բայց այդ ժպիտն ուրախության ժպիտ չէ: Ես ինքս եղել եմ Մարտի 1-ի հանձնաժողովի կազմում, փորձել ենք հասկակալ՝ որտե՞ղ են ոստիկաններն իրենց իրավունքները գերազանցել… Մենք հսկայական գործ ենք արել: Եթե համեմատենք 2008-2009 թթ.  ոստիկանների և ներկայիս ոստիկանության մոտեցումները, կտեսնենք, որ իսկապես տարբերություն կա, և ահռելի գործ է արված: Եթե այդքան սրտացավ ու մտահոգ մարդիկ էին, լավ կլիներ՝ այն ժամանակ գործեին, միգուցե ավելի կբարելավվեր մեր երկիրը, մեր ոստիկանությունը, մեր  ուժային կառույցները»:

Պատգամավորը խոսեց նաև քաղաքական դաշինքների և դրանց շուրջ համախմբվող քաղաքական ուժերի մասին: Դիտարկմանը, թե երեկ ստեղծված Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան դաշինքի կազմում են նախկին նախարարներ, ովքեր հայտարարում են, որ պատրաստ են իրենց պոտենցիալը ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը, և հարցին` ինչպե՞ս եք գնահատում նրանց շանսերը, ՀՀԿ-ականն արձագանքեց. «Մեր երկրում բազմաթիվ անհատականություններ կան, նախարարներ՝ ներկա, նախկին, պաշտոնաթող եղածներ, ովքեր ունեն տարբեր քաղաքական հայացքներ, բայց դա դեռ չի նշանակում, որ այն կառույցն են, որ ընտրություններին կարող են ունենալ կարևոր դերակատարում»:

Սահակյանը նաև կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն  իրենք են փորձում իրենց տեղը հարթել և հրմշտոց են ստեղծում: