կարևոր
1030 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-04 19:28
Հասարակություն

Նոր ճգնաժամ՝ չկա ՆՔ, չունես աշխատանք. ընդունելով սխալը՝ կրկին փոխում են օրենքը

Նոր ճգնաժամ՝ չկա ՆՔ, չունես աշխատանք. ընդունելով սխալը՝ կրկին փոխում են օրենքը

Հայաստանի կառավարությունը, աշխատանքային պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ էլեկտրոնային ստորագրությունների ստացման հետ կապված խնդիրների պատճառով, նախատեսել է նոր փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում։ Այս մասին փետրվարի 4-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ժամանակ հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Բանն այն է, որ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Դրա համար քաղաքացիները պարտադիր պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն, իսկ այն հնարավոր է ստանալ միայն նույնականացման քարտի (ID քարտ) առկայության դեպքում։ Սրա հետևանքով ID քարտեր ստանալու համար հերթեր են գոյացել։ Սակայն նույնիսկ քարտի առկայության դեպքում ստորագրությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է դիմել բջջային օպերատորներին, ինչը լրացուցիչ քաշքշուկ է ստեղծում։

«Որքան ժամանակ էլ տրամադրենք քաղաքացիներին նույնականացման քարտեր (ID քարտ) և էլեկտրոնային ստորագրություններ ձեռք բերելու համար, նրանք միևնույն է նախընտրում են ամեն ինչ թողնել վերջին օրվան։ Արդյունքում մենք այժմ ունենք քարտերի ստացման հերթեր, որոնք տևում են ամիսներ», - ասել է Թորոսյանը։

Այս կապակցությամբ նախարարությունը որոշել է ներդնել նույնականացման քարտերի (ID քարտ) նոր համակարգ։ Մանրամասներ, սակայն, Թորոսյանը չի ներկայացրել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, մասնավորապես, մտադիր է դիմել խորհրդարանին՝ օրենսդրական փոփոխություններն ընդունելու նպատակով արտահերթ նիստ գումարելու համար։ «Մենք դա անում ենք իրավիճակը կայունացնելու և սահուն անցում ապահովելու նպատակով։ Մենք ուզում ենք, որ մարդիկ չզրկվեն աշխատանքի իրավունքից միայն այն պատճառով, որ չունեն էլեկտրոնային ստորագրություններ»,- նշել է Կառավարության ներկայացուցիչը։