կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-15 15:16
Քաղաքական

Նեղացածի կարգավիճակ ընդունելով` Հայաստանը կտապալեր ԵՏՄ վարչապետերի խորհրդի նիստը. Շավարշ Քոչարյան

Նեղացածի կարգավիճակ ընդունելով` Հայաստանը կտապալեր ԵՏՄ վարչապետերի խորհրդի նիստը. Շավարշ Քոչարյան

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեցին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պասիվ գործունեության մասին, որը մեծ դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում: Փոխնախարարը խորհուրդ տվեց հետևել «սայտերին», որոնցում գրված է, թե Նալբանդյանը ում հետ է հանդիպել այս օրերին և ինչ հայտարարություններ է արել:

Հարցին, թե տեղյա՞կ են, որ սոցիալական ցանցերում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջով նախաձեռնություն է ստեղծվել, նա պատասխանեց, որ հետևում են զարգացումներին և տեղյակ են:

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետը որոշեց մասնակցել ԵՏՄ վարչապետերի խորհրդի նիստին, այն դեպքում, երբ անգամ նախագահը ակնարկեց, որ Երևանից նիստը տեղափոխելու որոշումն անարդարացի էր, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Կա երկու մոտեցում` մեկը պաշարված ամրոցի մոտեցումն է, այսինքն` երբ մեր շահերին դեմ ուղղված քայլերն ընդունում ենք պաշարված ամրոցի կեցվածքով՝ բոլորը մեզ թշնամի են, մենք մենակ ենք: Մյուս մոտեցումն այն է, որ բոլոր պետություններն առաջնորդվում են իրենց շահերով, և մենք, հաշվի առնելով դա, թույլ չպետք է տանք, որ մենք հայտնվենք այլ վիճակում, որովհետև մեր թշնամին՝ Ադրբեջանը, հենց այդ նպատակն է հետապնդում: Նա փորձում է այնպիսի քայլերի ուղղորդել մեր դաշնակիցներին, որ Հայաստանը, այսպես ասած, խռոված կեցվածքով հայտնվի մեկուսացման մեջ: Բայց մենք դա չպետք է թույլ տանք»:

Ըստ փոխնախարարի` Ադրբեջանի այդ նպատակները թույլ չտալու համար, պետք է աշխատել հետևողականորեն ու բոլոր ուղղություններով: Շավարշ Քոչարյանը նշեց, որ, նեղացածի կարգավիճակ ընդունելով, Հայաստանը կտապալեր ԵՏՄ վարչապետերի խորհրդի նիստը: Եվ ճիշտն այն է, որ, այնուամենայնիվ, օգտագործվեր այդ հարթակը` ասելիքը տեղ հասցնելու համար, և արդյունքում` մոտակա նիստը որոշվեց անցկացնել Երևանում՝ մայիսի 20-ին:

ԱԳ փոխնախարարը վստահեցրեց` ինչ որ պետք էր ասել ԵՏՄ գործընկերներին, ասվել է տարբեր մակարդակներով և դեռ ասվելու է: