Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աբսուրդ ու վտանգավոր է պնդել, որ արցախահայությունը չի ցանկանում ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ՀՀ զինված ուժերում չծառայելու նպատակով, այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի պնդման։
Նա նշել է, որ հոկտեմբերից հազարավոր արցախցիներ ցանկացել են մտնել զինծառայության, բայց նրանց մերժել են՝ ստիպելով ընդունել քաղաքացիություն:
«Վստահ եմ, որ կարիքի դեպքում, անկախ իրավական կարգավիճակից, արցախցիների ճնշող մեծամասնությունը զենք կվերցնի և կպաշտպանի հայոց հայրենիքը:
Առաջիկա տարիներին արցախահայության շրջանում ժամկետային զինծառայության տարիքի տղաների թիվը չի գերազանցելու մի քանի հազարը: Հետևաբար, Փաշինյանի փաստարկի տրամաբանությունը հասկանալի չէ, թե ինչու ժողովրդի մնացած գերակշիռ մասը չի ցանկանում ընդունել քաղաքացիություն, եթե իրենց ընտանիքներում ժամկետային զինծառայության տարիքի տղաներ չկան:
Իրականում, բացի մի մասի սոցիալական բնույթի մտավախություններից, ճնշող մեծամասնությունը մտավախություն ունի, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը: Ուստի, եթե ցանկանում եք, որ արցախցիները զանգվածայնորեն ընդունեն ՀՀ քաղաքացիություն, ապա պետք է ապահովել մեր հավաքական վերադարձի քաղաքական պահանջն ու քայլերը ՀՀ կողմից: Արցախցին ցանկանում է ապրել Արցախում՝ անվտանգ ու արժանապատիվ կերպով, և պետք չէ լրացուցիչ չափով հարվածի տակ դնել այդ հնարավորությունը:
Պետք է խիստ զգույշ լինել արցախցիների հանդեպ լրացուցիչ բացասական տրամադրություններ չխթանելու հարցում՝ խուսափելով անհիմն ու արհեստական ընդհանրացումներից»,- գրել է Բեգլարյանը։