կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-25 14:53
Հասարակություն

Չարին չարով չենք պատասխանելու, հաշտության օրակարգ ունենք՝ նաև դարձի եկողների համար. Տեր Ռուբեն

Չարին չարով չենք պատասխանելու, հաշտության օրակարգ ունենք՝ նաև դարձի եկողների համար. Տեր Ռուբեն

Հայ առաքելական եկեղեցին չի պատրաստվում չարին չարով պատասխանել։ Այսօր Դալար բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ և անմահ պատարագի քարոզի ժամանակ այս մասին ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Ռուբեն վարդապետը։

Նա նշեց, որ եկեղեցին կանգնած է ալեկոծության առաջ. մթություն է, որտեղ չար ուժերն են աշխատում, Մասյացոտնի թեմի «նավակն» ալեկոծության մեջ է, և իրենք փորձում են Տիրոջով չվախենալ։

«Միևնույն ժամանակ հակընդդեմ քամի է, հողմ է, որը գործում է մեր դեմ՝ հալածանքներով, սպառնալիքներով և այլ դրսևորումներով. չարն իր երախը բացել է մեզ վրա։ Բայց ինչպես առաքելական թուղթն է մեզ հորդորում, մենք չենք գնում կռիվ անելու, մենք ուզում ենք ապրել հավատով, սիրով և մեր արարման առաքելությամբ։ Աստծո խոսքը քարոզելու, ճշմարտություն տարածելու, եղբայրություն ստեղծելու, պառակտումը վերացնելու, հարգանքի, բաժնեկցության և Սուրբ հաղորդությունը մեր կյանքում իրական դարձնելու ճանապարհով ենք գնում։ Չարին չարով չենք պատասխանելու»,– ասաց նա։

Ռուբեն վարդապետը հավելեց, որ իրենք հաշտության օրակարգ ունեն նաև դարձի եկողների համար, եկեղեցու ներսում չպետք է պառակտում լինի։

Հիշեցնենք` հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից: Գևորգ սրբազանը մեկն է այն 10 հոգևորականներից, որոնք միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին 2–րդի դեմ տարվող արշավին ու պահանջում են վեհափառի հրաժարականը: