կարևոր
808 դիտում, 3 ժամ առաջ - 2026-01-20 12:14
Քաղաքական

ԵՄ-ն Սիրիայի հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարը

ԵՄ-ն Սիրիայի հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարը

ԵՄ-ն ողջունում է Սիրիայի անցումային իշխանությունների և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) միջև հունվարի 18-ին ձեռք բերված հրադադարը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի ներկայացուցիչ Անուար ալ Անունին։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն, լիովին իրականացնել ապաէսկալացման համաձայնեցված միջոցառումները, ինչպես նաև ապահովել քաղաքացիական անձանց պաշտպանությունը», - ասել է մամուլի քարտուղարը հունվարի 19-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Սիրիայում իսկական ներառական անցումային ժամանակաշրջանը պետք է ընդգրկի երկրի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավարության բոլոր քաղաքացիական ու զինված կառույցների ինտեգրումը պետական ​​ինստիտուտներին և քրդերի իրավունքների պաշտպանությանը։

«Մենք նաև ողջունում ենք միջազգային կոալիցիայի շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարելու Սիրիայի պարտավորությունների հաստատումը», - հավելել է ալ Անունին։

Հունվարի 18-ին Սիրիայի կառավարությունը հայտարարել է քրդերի գլխավորած ՍԴՈւ-ի հետ անհապաղ հրադադարի մասին։ Հրադադարը վերջ է դնում գրեթե երկու շաբաթ տևած մարտերին: 14 կետից բաղկացած համաձայնագրով նախատեսվում է նաև ՍԴՈւ-ի ինտեգրումը սիրիական բանակին և պետական հաստատություններին։

Նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ համաձայնագիրը թույլ կտա սիրիական պետական հաստատություններին վերականգնել վերահսկողությունը երկրի արևելյան և հյուսիսային երեք նահանգի՝ Հասաքայի, Դեյր էզ-Զորի և Ռաքքայի նկատմամբ։ Սիրիայի կառավարությանը կփոխանցվեն տարածաշրջանի բոլոր սահմանային անցակետերը, գազի և նավթի հանքավայրերը: Դամասկոսը նաև վերահաստատել է, որ կճանաչի քրդերի մշակութային և լեզվական իրավունքները, քրդերենին կշնորհվի պաշտոնական լեզվի կարգավիճակ, քրդական Նոր տարին կհռչակվի ազգային տոն։