|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Հայոց Եկեղեցու դեմ օկուպացիոն ռեժիմի հայտարարած պատերազմի կարևոր նպատակներից մեկը, հնարավոր է՝ կարևորագույնը հայ հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Սա շատ սկզբունքային հարց է, և իմ գիտելիքները բավարար չեն դրան խորությամբ անդրադառնալու համար, բայց ամեն դեպքում կցանկանայի «թեզիսների ձևով» որոշ մտքեր հայտնել՝ հետագայում փորձելով խորամուխ լինել հարցին։
1) նիկոլականների խոսույթում ու այս համատեքստում «քաղաքականությունը» շատ լայն է հասկացվում. այն սոսկ կուսակցական-ընտրական համակարգին չի վերաբերվում, այլ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ներկայացնող հարցերի ողջ ներկապնակին՝ ներառյալ ազգային, ինքնութենական, արժեհամակարգային հարցերը։
2) Ոչ մի ազգային եկեղեցի՝ ընդհանրապես, և Հայ Առաքելական Եկեղեցին՝ հատկապես, չի կարող անմասն մնալ «քաղաքականությամբ» զբաղվելուց՝ 1-ին կետում նշված իմաստով։ Չի՛ կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենա զբաղվել «քաղաքականությամբ», իսկ Հայոց Եկեղեցին՝ ոչ։
3) Անձամբ ես Հայոց Եկեղեցու՝ 1-ին կետի իմաստով «քաղաքականության» մեջ դերակատարումը տեսնում եմ հետևյալ երկու գործառույթներում. (ա) ԱՄԵՆՕՐՅԱ, որ վերաբերում է ավանդական-քրիստոնեական արժեքների խրախուսմանը, և (բ) ԲԱՑԱՌԻԿ, որ վերաբերում է ազգային ինքնության հարցերում աշխարհիկ ժամանակավոր պաշտոնյաների թույլ տված սկզբունքային աղճատումների դեմ պատնեշ կանգնելուն։ Բնականաբար, «ամենօրյա» գործառույթն ունի մշտական բնույթ, իսկ «բացառիկ»-ը պետք է գործողության մեջ դրվի միայն տագնապի պայմաններում։ «Բացառիկ» գործառույթը մեր ազգի «իմունային համակարգի» ողնաշարն է։
4) ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը երաշխավորում են ՀՀ բոլոր քաղաքացիների քաղաքական իրավունքները։ Բոլոր սահմանափակումները պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ, օրինակ՝ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանության պետական գործառույթի արդյունավետ իրականացման նպատակը։ Նրանք չեն կարող լինել արդյունավետ, եթե քաղաքանությամբ զբաղվելու նրանց իրավունքը չսահմանափակվի։ Նույնը չի վերաբերում և չի էլ կարող վերաբերվել կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ընդհանրապես, և Հայոց Եկեղեցու հոգևոր դասին՝ մասնավորաբես։
Դեռևս այսքանը»։