Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի ձեռնարկատեր, բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է հարցին, թե զբաղվու՞մ է ինքը քաղաքականությամբ Հայաստանում։
«Կարճ պատասխանեմ՝ այո։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է դառնալ իշխանություն, վարչապետ կամ նախագահ»,- ասել է Վարդանյանը և հստակեցրել, որ ինքն այդպիսի ցանկություն չունի։ Նա մանրամասնել է նաև, թե ինչպես է ընդունել իր համար կարևոր որոշումը։
«Ինձ համար կարմիր գիծ կար՝ Արցախի հարցը։ Երբ մենք Արցախը կորցրինք, համարյա թե կորցրինք, դեռ չենք կորցրել, բայց մոտ ենք կորցնելուն, ես երկու տարբերակ ունեի․ առաջինը՝ շարունակել հանդես գալ որպես բարերար, ապրել Մոսկվայում, Լոնդոնում, իմ ճանապարհը հանգիստ շարունակել՝ մնալով ծագումով հայ գործարար, բայց Հայաստանի հետ էջը փակել։ Կար երկրորդ տարբերակը․ այս կործանումը, այս ճգնաժամը ինձ հնարավորություն չթողեց չմասնակցելու քաղաքական ու հասարակական ամենակարևոր հարցերին՝ ի՞նչ Հայաստան ենք կառուցում, ինչպիսի՞ն է լինելու մեր ազգի ապագան»,- ասել է Ռուբեն Վարդանյանն ու ավելացրել, որ այն, ինչով զբաղվում են ինքն ու գործընկերները, շատ ավելի խորքային քաղաքականություն է, քան այսօր կա հանրային ընկալումներում։
«Հայաստանում մարդիկ ուզում են փրկիչ գտնել, մարդու, ով բոլոր հարցերի պատասխանները գիտի։ Իսկ ես ասում եմ, որ բոլորս պետք է մեր պատասխանատվությունն ունենանք ապագայի հետ կապված»,- ասել է նա։
Ռուբեն Վարդանյանն ավելացրել է, որ պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել նրանց, ովքեր գաղափարական միասնությամբ կլծվեն Հայաստանի ապագան կերտելուն։
«Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ։ Ես կուսակցություն չունեմ, բայց վստահ գիտեմ, որ կաջակցեմ այն կուսակցություններին, որոնք ոչ թե մեկ անձի շուրջն են կազմակերպվում, այլ գաղափարների շուրջը, երբ վեճը կլինի, թե որ ուղղությամբ գնալ՝ կոնկրետ հարցերի շուրջ դիրքորոշումներով։ Սա շատ կարևոր հարց է»,- ասել է նա։
Վարդանյանն արձագանքել է նաև դիտարկմանն ու գնահատականներին, որ դրսում, մասնավորապես՝ Ռուսաստանում, բիզնես գործունեություն ծավալած անձը, որոշելով քաղաքական գործունեությամբ զբաղվել մեկ այլ երկրում, չի կարող ազդեցություններից դուրս լինել։ Նա ընդգծել է, որ գործունեություն աշխարհի շատ երկրներում է ծավալել, ուստի «ազդեցությունները» շատերի կողմից կարող են ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան կամ եվրոպական համարվել, իր անունը Հայաստանում էլ ամենատարբեր քաղաքական գործիչների հետ են կապում, իրեն համարում են նաև «սորոսական» կամ «գլոբալ սիոնիստական» պրոյեկտ, սակայն իր որդեգրած մոտեցումներով քաղաքականությամբ զբաղվելու որոշումն ընդունելիս ինքը կոնկրետ ուղենիշներ է սահմանել։
«Երբ ասում եմ, որ կարմիր գիծն անցել եմ, նշանակում է՝ պատրաստ եմ ամեն ինչ կորցնել Ռուսաստանում և Հայաստանում, պատրաստ եմ նստել բանտ, եթե քաղաքական պայքարը գնա ոչ օրինական դաշտում։ Պատրաստ եմ, որ ինձ վարկաբեկելու են, իմ մասին գրելու են ամենավատ բաները։ Ես ինձ համար շատ կարևոր որոշում եմ կայացրել, երբ ասել եմ՝ կարմիր գիծն անցել եմ։ Հասկացել եմ, որ դա նշանակում է, որ ես կարող է և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում շատ լուրջ խնդիրներ ունենալ, կարող է լինեն շատ լուրջ, տարբեր ձևերով հարձակումներ ինձ վրա։ Ես ասել եմ՝ դրան պատրաստ եմ, որովհետև համարում եմ, որ այնպիսի ճգնաժամի առջև ենք կանգնած, որ եթե իմ պես մարդը պատրաստ չէ այս րոպեին իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը և մասնակցել փրկության հետ կապված քննարկումներին, աջակցել ամեն ինչով, որպեսզի մենք գտնենք մեր որոշումները, որոնք շատ ծանր են․․․ և՛ Ռուսաստանի հետ, և՛ այլ երկրների հետ հարաբերությունները, շատ հարցեր կան։ Այո, ես հասկանում եմ դա։ Իհարկե, ամեն մարդու վրա ազդեցություններ կան՝ տարբեր ուղղություններով, բայց դա չի որոշվում քո անձնագրով, որոշվում է քո տեսակով»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։
Նա ընդգծել է նաև՝ հասել ենք վերջին կետին․ Արցախը կորցնելով՝ կկորցնենք նաև Հայաստանը։ Դա է, որ իրեն դրդել է անմիջականորեն մասնակցել քաղաքական ու հանրային կյանքին։
«Ես առաջին հերթին հայրենասեր եմ, որը որոշել է, որ Հայաստանի և Արցախի ապագան ինձ համար ավելի կարևոր է, քան իմ անձնական հարստությունը, իմ ընտանիքի, ի վերջո, անվտանգությունը և իմ անձի հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։