Փոխարժեքներ
14 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 442.18 |
RUB | ⚊ | ₽ 4.7703 |
GBP | ⚊ | £ 507.67 |
GEL | ⚊ | ₾ 141.31 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է. «Շիրակի մարզում թափառող շների խնդիրը հասել է մտահոգիչ մակարդակի։
Այն վաղուց վերածվել է լուրջ հանրային անվտանգության սպառնալիքի։ Մինչ պետական ու տեղական մարմինները շարունակում են միմյանց վրա բարդել պատասխանատվությունը, իրականությունը մնում է անփոփոխ․ մարզի բնակիչները շարունակում են ապրել մշտական վախի պայմաններում։
Տարիներ շարունակ համայնքները իրենց սուղ բյուջեներից հսկայական գումարներ են ծախսում շների ստերջացման ծրագրերի վրա, սակայն կարելի է արձանագրել՝ այս մոտեցումը գրեթե անօգուտ է։ Թափառող շների թիվը ոչ միայն չի նվազում, այլև տարեցտարի ավելանում է։
Սա հստակ վկայում է՝ մոտեցումը սխալ է, իսկ համակարգը՝ անարդյունավետ։
Վիճակագրությունը խոսում է ինքն իրեն․ միայն 2024 թվականին Շիրակի մարզում թափառող շների հարձակումներից բժշկական հաստատություններ են դիմել 631 քաղաքացի, իսկ 2025 թվականի հունվարից մինչև օգոստոսի 31-ը՝ արդեն 450 քաղաքացի։
Սա լուրջ ահազանգ է:
Եթե որևէ բան չփոխվի, այս թվերը տարեցտարի շարունակելու են աճել՝ վտանգելով մեր քաղաքացիների անվտանգությունը:
Այս խնդիրը համայնքների մակարդակով լուծելն արդեն անհնար է։ Շիրակի մարզի համայնքները չունեն բավարար ֆինանսական, կառավարչական և տեխնիկական հնարավորություններ։ Թափառող շների հարցը պահանջում է պետական հստակ քաղաքականություն, մասնագիտական մոտեցում և կենտրոնացված ֆինանսավորում։
Պետք է ձևավորվի միասնական պետական ծրագիր՝
- ժամանակակից կացարանների կառուցմամբ,
- հաշվառմամբ և սեռազատմամբ,
- մշտական վերահսկողությամբ և պատասխանատվությամբ։
Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը։
Կառավարությունը այլևս իրավունք չունի աչք փակել այս վտանգի վրա։
Ժամանակն է ընդունել թափառող շների խնդիրը որպես հանրային անվտանգության օրակարգի մաս և հանդես գալ համակարգված, երկարաժամկետ լուծմամբ»: