կարևոր
661 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-20 12:25
Հասարակություն

Արթիկում բնակիչներն ահազանգում են՝ չեն կարողանում ազատ տեղաշարժվել՝ թափառող շների պատճառով․ շիրակցի պատգամավոր

Արթիկում բնակիչներն ահազանգում են՝ չեն կարողանում ազատ տեղաշարժվել՝ թափառող շների պատճառով․ շիրակցի պատգամավոր

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

«Վերջին շաբաթներին բազմաթիվ արթիկցիներ դիմել են ինձ՝ բարձրաձայնելով թափառող շների խնդիրը։ Խոսքը պարզապես անհարմարության մասին չէ․ խոսքը մարդկանց անվտանգության, երեխաների ազատ տեղաշարժի և համայնքային կյանքի նորմալ կազմակերպման մասին է։ Արթիկում իրավիճակը արդեն դուրս է գալիս վերահսկողությունից։ Բնակիչները ահազանգում են՝ դպրոց գնացող երեխաները, տարեցները, առավոտյան աշխատանքի շտապող քաղաքացիները հաճախ հայտնվում են վտանգավոր իրավիճակներում։ Սա այլևս առանձին դեպքերի խնդիր չէ, այլ համակարգային ձախողում։

Տարիներ շարունակ խնդիրը լուծվում է հատվածական, կարճաժամկետ և ձևական միջոցառումներով։ Սակայն ակնհայտ է՝ առանց համակարգային պետական քաղաքականության այս հարցը չի կարող կարգավորվել։ Անհրաժեշտ է ոչ թե ժամանակավոր միջոց, այլ ենթակառուցվածքային լուծում՝ ժամանակակից, մարդասիրական և վերահսկելի մեխանիզմներով։

Պետք է հստակ արձանագրենք՝ հարցը միայն համայնքային չէ։ Այն առնչվում է հանրային անվտանգությանն ու առողջությանը, տեղական ինքնակառավարման մարմինների կարողություններին և պետական քաղաքականության բացերին։ Եթե չկա մարզային մակարդակով համակարգված լուծում, ապա համայնքները մշտապես մնալու են խնդրի առաջ՝ սահմանափակ ռեսուրսներով և առանց կայուն արդյունքի։

Քաղաքակիրթ պետությունում նման խնդիրները լուծվում են ժամանակակից կացարանների ստեղծմամբ, կենդանիների հաշվառմամբ, ստերջացման ծրագրերով, վերահսկվող խնամքով և հստակ կառավարչական մոդելով։ Սա ոչ միայն մարդկանց անվտանգության, այլ նաև կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի հարց է։

Այս համատեքստում դիմելու եմ ՀՀ Տարածքային և ենթակառուցվածքների նախարարին պարզաբանելու՝

Արդյո՞ք 2026 թվականի ընթացքում նախատեսված է Շիրակի մարզում կառուցել թափառող շների համար նախատեսված ժամանակակից կացարաններ կամ ստեղծել համապատասխան տարածաշրջանային կենտրոններ, որոնք կապահովեն խնդրի երկարաժամկետ և համակարգային լուծում։

Ես հետևողական եմ լինելու այս հարցում և պահանջելու եմ հրապարակային հաշվետվություն։

Մեր քաղաքացիները չպետք է ապրեն մշտական անորոշության և վտանգի պայմաններում։

Հանրային անվտանգությունը քաղաքական կամքի հարց է։

Եվ այդ կամքը պետք է դրսևորվի ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ ծրագրերով և իրականացված քայլերով»։