կարևոր
3025 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-06 17:18
Հասարակություն

Երեխան թափառող շների հարձակումից չի մահացել․ ՀՀ ՔԿ

Երեխան թափառող շների հարձակումից չի մահացել․ ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի 7–ամյա բնակչի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

2023 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:23-ին, «Արարատ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ենթակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում շների հարձակման հետևանքով «Կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերվել է նույն բնակավայրի 7–ամյա բնակչի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալներով՝ 2023թ․ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Սուրենավան բնակավայրի միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, 7–ամյա տղայի և ընկերների հետևից եկել են թափառող շներ։ Երեխաները վազել են, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը սայթաքել է, և վերջինս ընկել է սալիկապատ հատակին՝ գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին, որի հետևանքով մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է։