կարևոր
661 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 19:29
Հասարակություն

Թեհրանում ականավոր իրանահայերին նվիրված միջոցառում է անցկացվել

Թեհրանում ականավոր իրանահայերին նվիրված միջոցառում է անցկացվել

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հոկտեմբերի 7-ին մասնակցել է Իրանագիտության հիմնադրամի կողմից կազմակերպված ականավոր իրանահայերին նվիրված միջոցառմանը: Այս մասին նշված է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել հիմնադրամի ղեկավար Ալի Աքբար Սալեհին, ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը, իրանահայ և իրանցի հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչներ: 

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև «Իրանահայ ջրանկարիչները» գրքի շնորհանդեսը: 

«Երբ անդրադառնում ենք Իրանի կյանքի տարբեր բնագավառներում հայերի դերին ու նշանակությանը, չենք կարող անտեսել մի կարևոր փաստ. այն միջավայրը, որտեղ նրանք ապրել են, այն պայմանները, որ դարձել են ինքնադրսևորման ու հաջողության հնարավորությունը: Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից երախտագիտությանս խոսքը հղել բարեկամ Իրանին և նրա եղբայրական ժողովրդին՝ բոլոր ժամանակներում հայ մարդու, նրա գործունեության ու ստեղծած արժեքի հանդեպ հոգատար վերաբերմունքի և հարգանքի համար: Ասվածի  վկայությունն են Իրանում գործող և հատուկ կարգավիճակ ունեցող հայկական մշակութային-կրոնական կոթողները, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ամրագրված եկեղեցիները, որոնց մասին խոսելիս մենք միշտ հպարտանում ենք»,- իր ելույթում նշել է ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը։ 

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև իրանական կողմի բարձր վերաբերմունքը հայկական կրթական, մշակութային և մարզական հաստատությունների նկատմամբ։ 

«Այս ամենը այն ամուր հիմքերն են, որոնք հայ և իրանցի ժողովուրդներին թույլ են տալիս աշխարհին ներկայանալ որպես քրիստոնեության և իսլամի խաղաղ համակեցության ու երկխոսության փայլուն օրինակ»,- շեշտել է դեսպան Հակոբյանը: