կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-22 12:38
Տարածաշրջան

Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել

Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել

Թուրքիայի Մերսին նահանգի Աքդենիզ շրջանում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել: Թուրքական «Dicle» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի» (ԺԴԿ-HDK) և «68-ականներ» նախաձեռնության կողմից. տեղեկացում է Ermenihaber-ը:

«101 տարի առաջ և հետո չփոփոխվող պետական մտածողությունն ու հայ հեղափոխական գործիչ Փարամազը» խորագրով միջոցառմանը, որպես բանախոսներ, հանդես են եկել գրող Քադիր Աքընը և լրագրող Արիս  Նալջըն:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վերոհիշյալ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, Աքդենիզի ՏԻՄ ղեկավարներ, Ճնշվածների սոցիալիստական կուսակցության (ՃՍԿ - ESP) և Հեղափոխական կուսակցության (ՀԿ- DP) ներկայացուցիչները:

Ելույթով հանդես եկած Քադիր Աքընը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությանը զոհ է գնացել առնվազն 1 մլն հայ: Նա շեշտել է, որ թուրքական ղեկավարությունը միշտ վարել է ցեղասպանության և կոտորածների քողարկման, կոծկման քաղաքականություն: Ըստ բանախոսի՝ նախ` հույներին, իսկ այնուհետև հայերին ցեղասպանության ենթարկելու հիմնական դրդապատճառն այն էր, որ 1900-ականների սկզբին Օսմանյան կայսրությունը մեծ հողեր էր կորցրել և մտավախություն ուներ, որ կարող է կորցնել նաև Անատոլիան:

Աքընն ընդգծել է նաև, որ օսմանյան կառավարությունը իրեն արդարացնելու համար ժողովրդին ներշնչում էր. «Եթե մենք նրանց չկոտորենք, նրանք մեզ կկոտորեն: Հայերը համագործակցել են իմպերիալիստների հետ և արժանի են կոտորածի»: Նման քարոզչությամբ թուրքական կառավարությունը փորձում  էր օրինականացնել իր գործած հանցանքները:

Իսկ լրագրող Արիս Նալջըն  նշել է, որ հայերի կոտորածների իրական պատճառների ու հետևանքների վերաբերյալ ավելի ամբողջական տեղեկություններ կարելի է ստանալ Բուլղարիային վաճառված որոշ փաստաթղթերից:

«Քաղաքական ակտիվություն ցուցաբերել ցանկացող հայերին ճնշումների էին ենթարկում և թույլ չէին տալիս քաղաքական դաշտ մտնել: 100 տարի առաջ Ցեղասպանության ենթարկված հայերի ենթագիտակցության մեջ ամրացած վախը մինչ օրս ստիպում է նրանց թաքցնել իրենց ինքնությունը», - ասել է նա: