կարևոր
610 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 16:13
Աշխարհ

Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ԵՄ դիվանագետներին Թեհրանի միջուկային ծրագրի հարցում նրանց դիրքորոշման պատճառով

Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ԵՄ դիվանագետներին Թեհրանի միջուկային ծրագրի հարցում նրանց դիրքորոշման պատճառով

Իրանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել եվրոպական մի շարք երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարներ. նրանց բողոք են հայտնել Թեհրանի միջուկային և հրթիռային ծրագրերի նկատմամբ ԵՄ-ի «ինտերվենցիոնիստական դիրքորոշման» կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ Ռավանչիին։

Նրա խոսքով՝ «այս քայլը պայմանավորված է ԵՄ-ի անհիմն և ինտերվենցիոնիստական հայտարարություններով, որոնք ներառվել են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) և ԵՄ արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ»։

Իրանցի դիվանագետը Թեհրանի հրթիռային ծրագրի շուրջ հայտարարությունները որակել է «երկրի ներքին գործերին ակնհայտ միջամտություն» և մերժել դրա վերաբերյալ «անհիմն ու չափազանցված» հայտարարությունները։ 

Նա ընդգծել է, որ Իրանի ազգային պաշտպանական ներուժը, այդ թվում՝ հրթիռային, երկրի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքի մաս է և երաշխավորում է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։

Բացի այդ, Թախթ Ռավանչին եվրոպացի դիվանագետների ուշադրությունը հրավիրել է Պարսից ծոցի երեք ռազմավարական կղզիների նկատմամբ եվրոպական երկրների դիրքորոշումների վրա, որոնք Իրանի և ԱՄԷ-ի միջև տարածքային վեճի օբյեկտ են: 

Հոկտեմբերի 7-ին Քուվեյթում կայացած հանդիպման արդյունքներով, ՊԾԱՊՀԽ-ի և ԵՄ երկրների ԱԳ նախարարներն Իրանին կոչ են արել տարածաշրջանային ապաէսկալացման, որը կապահովեր նրա միջուկային ծրագրի խաղաղ բնույթը և կկանխեր բալիստիկ հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ցանկացած տեխնոլոգիայի տարածումը, որոնք սպառնալիք են անվտանգության ու խաղաղության համար ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ընդհանրապես ամբողջ աշխարհում։