|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կարևոր դեր կխաղա ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ ցանկացած հնարավոր համաձայնագրի գործում, ուստի ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ներկայությունը Ժնևի բանակցություններում խիստ օգտակար է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Ցանկացած համաձայնագրում, որը կկնքվի, գործակալությունը հանդես կգա որպես միջազգայնորեն ճանաչված տեխնիկական գործակալություն և կկրի որոշակի պատասխանատվություն: Ինչպես և նախորդ համաձայնագրում, ԱԷՄԳ-ի դերը շատ ակնհայտ էր տարբեր բնագավառներում: Այդ առնչությամբ Գրոսիի ներկայությունն այդ բանակցություններում շատ կարևոր է և օգտակար», - ասել է նա։
Ժնևում Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցություններն արդեն մեկնարկել են։ Իրանական պատվիրակության ղեկավարն է արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյան կողմը ներկայացնում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշները։ Բանակցությունների միջնորդ է հանդիսանում Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին։