կարևոր
580 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-07 23:23
Աշխարհ

ԱՄՆ-ում այդքան ուժեղ տոռնադո չէր գրանցվել վերջին 12 տարում

ԱՄՆ-ում այդքան ուժեղ տոռնադո չէր գրանցվել վերջին 12 տարում

ԱՄՆ-ում այդքան ուժեղ տոռնադո չէր գրանցվել վերջին 12 տարում: Այս մասին գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: 

«ԱՄՆ-ի տարածքում արդեն ավելի քան 12 տարի չէր արձանագրվել առավելագույն ուժգնության՝ EF5 կարգի տոռնադո։ Եվ ահա ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը վերջերս իրականացրեց բոլոր տվյալների խորքային վերլուծություն հունիսի 20-ին Հյուսիսային Դակոտայի Էնդերլին քաղաքում գրանցված տոռնադոյի վերաբերյալ և բարձրացրեց նրա կատեգորիան մինչև EF5։

Մասնագետների գնահատմամբ, քամու առավելագույն արագությունը հասել է 338 կմ/ժ (94 մ/վ), երբ տոռնադոն անցել է Ռասս և Կասս շրջաններով՝ դառնալով երեք մարդու մահվան պատճառ։

Ինչու՞ զեկույցը հրապարակվեց Հյուսիսային Դակոտային տորնադոյի հարվածից գրեթե չորս ամիս անց։

Ամեն անգամ տոռնադոյի մասին հաղորդագրությունից հետո օդերևութաբանական ծառայությունը դեպքի վայր է ուղարկում օդերևութաբանների խումբ, որը գնահատում է վնասները և որոշում՝ արդյոք դրանք համապատասխանում են տոռնադոյի պատճառած ավերածություններին, և եթե այո՝ ապա, որ կատեգորիային ըստ Ֆուջիտայի սանդղակի։ Այդ գործընթացը հաճախ տևում է մի քանի օր կամ շաբաթ, սակայն երբեմն, ինչպես այս դեպքում, կարող է տևել ամիսներ։

Վերջնական գնահատման համար Ազգային ծառայությունը ներգրավել է ինժեներների և գիտնականների թիմ, որը պարզել է, որ երկաթուղային վագոնի մոտ 150 մետր բարձրացում, ինչպես նաև ամբողջությամբ հացահատիկով բեռնված վագոնների շրջումը համապատասխանում են EF5 կատեգորիայի տոռնադոյի քամու արագությանը։

Հետաքրքիր է նշել, որ առանց այդ վագոնների գրեթե անհնար կլիներ որոշել այդ տոռնադոյի EF5 կատեգորիայի ուժգնությունը, քանի որ Ֆուջիտայի սանդղակը հիմնված է բացառապես տոռնադոյի պատճառած վնասների և ավերածությունների վրա»։