Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընկալման հարցում իրավիճակն այս տարի տարբերվում է բոլոր նախորդ տարիներից:
Մեդիափորձագետի բնորոշմամբ՝ Ցեղասպանության նկատմամբ հետաքրքրությունն աննախադեպ մեծացել է: «Google որոնողական համակարգում երբեք այդքան շատ չի փնտրվել Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունը, որքան վերջին երկու շաբաթների ընթացքում: Եթե խնդիրը բաժանենք բովանդակային և տեխնիկական մասերի, պետք է նկատել, որ տեխնիկական մասով վտանգ կա` ապրիլի 23-ի և 24-ի հետ կապված: Կարելի է սպասել բոլոր տեսակի կայքերի վրա զանգավածային հարձակումների, սակայն խնդիրն ավելի վտանգավոր է դառնում, երբ հարձակումն արդեն ուղղվում է Հայոց ցեղասպանության մասին կարևոր ինֆորմացիա պարունակող և լրատվական կայքերի վրա: Երբ ամբողջ աշխարհում այդ օրերին անընդհատ շրջանառվում է Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունը, նրանք միանգամից տեղեկությունը փորձում են ստանալ հայկական կայքերից: Երբ հայկական կայքերն անհասանելի են լինում, նրանք գնում են դեպի թուրքական լրատվամիջոցներ»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը:
Նրա համոզմամբ` վերջին տարիներին ադրբեջանական հաքերային խմբերն ավելի շատ են ներգրավվել տեղեկատվական պատերազմների մեջ, քան թուրք հաքերները: «Թուրք հաքերների թվում լուրջ հաքերներ վերջերս չեն երևում ասպարեզում, և կարելի է ենթադրել, որ շատ հայկական կայքեր արդեն կոտրվել են, բայց դրա մասին դեռևս գիտեն նրանք, ովքեր դա արել են: Այդ մասին մենք հավանաբար ապրիլի 24-ին հենց կիմանանք: Հարձակումները կարող են նաև լինել կապի օպերատորների մակարդակով, ինչի հետևանքով կարող է կապի խաթարում լինել մի քանի ժամով»,- նշեց Մարտիրոսյանը:
Խոսելով խնդրի բովանդակային կողմի մասին` նա ասաց, որ մենք այս պարագայում ավելի շատ շահեկան դիրքում ենք գտնվում, քանի որ Google-ում երբեք այդքան շատ չի փնտրվել Հայոց ցեղասպանության մասին տեղեկություն, որքան վերջին երկու շաբաթների ընթացքում:
Ինչ վերաբերում է անվտանգության միջոցառումներին, Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ բոլոր այն մասնագետները, ովքեր պատասխանատու են կայքերի անվտանգության պահպանման համար, պետք է մի քանի անգամ ուշադիր լինեն և ավելի ուժեղացնեն իրենց աշխատանքը: