կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 21:55
Աշխարհ

ԱՄՆ-ում բնական գազի գները վերջին 13 տարում ամենաբարձր մակարդակին են հասել

ԱՄՆ-ում բնական գազի գները վերջին 13 տարում ամենաբարձր մակարդակին են հասել

ԱՄՆ-ում բնական գազի գները վերջին 13 տարում ամենաբարձր մակարդակին են հասել, հայտնում է CNBC-ն։

Ֆյուչերսներն աճել են 8,5 տոկոսով՝ հասնելով 7,93 դոլարի մեկ միլիոն բրիտանական ջերմային միավորի (Btu) դիմաց, ինչը ամենաբարձրն է առնվազն 2008-ի հոկտեմբերից: Թռիչքը հիմնված է վերջին աճի վրա, երբ բնական գազի առեւտուրը դրական ցուցանիշներ ունի հինգ շաբաթ շարունակ:

«Հաշվի առնելով կայուն աճը եւ հետագա ցնցումների համար վատ պատրաստված շուկան, բնական գազի գների զգալի հետագա աճը հավանական կլինի այս ամառ»,- նշում է EBW Analytics-ը:

Տարվա ընթացքում ԱՄՆ-ում բնական գազի գներն աճել են 102 տոկոսով, ինչը մեծացնում է տնտեսության մեջ ինֆլյացիայի հետ կապված մտավախությունները։

Ներկայումս ԱՄՆ-ը հեղուկացված բնական գազի ռեկորդային ծավալներ է առաքում Եվրոպա՝ բարձրացնելով Henry Hub-ի գինը:

«ՀԲԳ-ի արտահանումն ավելի կարեւոր է դարձել աշխարհաքաղաքականության պատճառով, եւ պահանջարկը մեծ է ինչպես էլեկտրաէներգիայի արտադրության, այնպես էլ արդյունաբերական օգտագործման համար: ԱՄՆ-ի դերը, որպես արտահանող, շարունակում է աճել»,- նշում է RBC-ն։

Գների աճի ֆոնին արտադրողները հսկողության տակ են պահում արտադրանքը, իսկ պահեստավորման պաշարները միջինից ցածր են 5 տարվա կտրվածքով: «Գոյություն ունի սկզբունքային կառուցողական ֆոն, որը պայմանավորված է ՀԲԳ-ի ռեկորդային արտահոսքով, Մեքսիկայի ուժեղ արտահանմամբ եւ արտադրողների կարգապահությամբ»:

Սակայն ոչ բոլորն են հավատում, որ մրցավազքը կշարունակվի։ Citi-ն 2022-ի համար բազային սցենարով Henry Hub-ի գինը բարձրացրել է 40 ցենտով՝ մինչեւ 4,60 դոլար միլիոն Btu-ի համար, ինչը զգալիորեն ցածր է ընթացիկ պայմանագրի գնից:

«Գործոնների համադրությունը կարող է խթանել պահանջարկը եւ դանդաղեցնել արտադրության աճը, սակայն շուկան կարող է գերագնահատել դրանց ազդեցությունը գների աճի պատճառով»,- հայտարարել է ընկերությունը:

Բնական գազ արտադրող EQT Corp.-ի եւ Coterra Energy-ի բաժնետոմսերը երկուշաբթի սակարկումների սկզբում հասել են 52 շաբաթվա առավելագույն ցուցանիշներին՝ բարձրանալով ավելի քան 4 տոկոսով: Range Resources-ը ավելի քան 3 տոկոսով բարձր գնով է սակարկվել: