կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-16 20:27
Հասարակություն

Հովիկ Աբրահամյանը փորձելու է գյուղեր այցելություններով իշխանությունն ավելի մոտեցնել ժողովրդին

Հովիկ Աբրահամյանը փորձելու է գյուղեր այցելություններով իշխանությունն ավելի մոտեցնել ժողովրդին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առողջապահության, նաև աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Արմեն Մուրադյանի և Արտեմ Ասատրյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Կոշ համայնք:

 

Վարչապետը նախ եղել է համայնքի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոնում, որին կից իրականացվում է մշտական բժշկական վերահսկողություն՝ վերականգնողական ծառայություններ տրամադրելով հաշմանդամություն ունեցող երեխաներին:

 

Հովիկ Աբրահամյանը շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, նորագույն սարքավորումներին: Կենտրոնը հագեցած է երեխաների ֆիզիկական ակտիվությանը նպաստող, տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ֆիզիոթերապիայի և անձնական խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներով և դիդակտիկ նյութերով, ունի նաև գերժամանակակից ախտորոշման և ֆիզիոթերապիայի սարքավորւմներ, ժամանակակից շտապօգնության մեքենա:

 

Հաստատությունը, որի կառուցման համար ներդրվել է 4 մլն դոլար, հնարավորություն ունի միաժամանակ սպասարկել 50 երեխայի: Ցերեկային խնամքի կենտրոնում գտնվելու ընթացքում երեխաները ստանում են վերականգնողական լոգոպետի, հոգեբանի ծառայություններ: Նրանք հնարավորություն ունեն նաև հանգստանալ ննջասենյակներում:

 

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել Կոշի մանկապարտեզում, որը նախատեսված է 92 երեխայի համար: Մանկապարտեզը հիմնանորոգել, կահավորել և բարեկարգել է գերմանաբնակ բարերար Ռազմիկ Թադևոսյանը: Ներդրվել է 160 մլն դրամ:

 

Վարչապետն ասել է, որ նման մանկապարտեզներ պետք է բոլոր համայնքներն ունենան, և կառավարությունն ամեն ինչ անելու է նրանց այդ գործում աջակցելու համար:

 

Հովիկ Աբրահամյանը զրուցել է նաև Կոշի բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: «Կոշի բնակչությունը բավականին ակտիվ է և կարծես ըմբռնումով է մոտենում երկրում առկա խնդիրներին, ինչը շատ լավ է: Բոլորը պետք է հասկանան, որ դրանց լուծման համար ժամանակ է պետք: Մենք սկսել ենք այդ աշխատանքները և փորձելու ենք այցելություններով իշխանությունն ավելի մոտեցնել մեր ժողովրդին, ազգաբնակչությանը, համայնքներին: Փորձելու ենք ավելի մոտիկից ծանոթանալ առկա խնդիրներին և տալ համապատասխան լուծումներ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: