կարևոր
1366 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-23 23:04
Աշխարհ

Ինչ առաջարկներ է արել Ռուսաստանը Ուկրաինային Ստամբուլում

Ինչ առաջարկներ է արել Ռուսաստանը Ուկրաինային Ստամբուլում

Ռուսական կողմն առաջարկել է Ուկրաինային ստեղծել երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն առցանց ձևաչափով։ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո այս մասին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

Նրա խոսքով՝ դրանք կլինեն քաղաքական, հումանիտար և ռազմական հարցերով զբաղվող խմբեր։ Ուկրաինական կողմը համաձայնել է քննարկել առաջարկը։

Ռուսական պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում յուրաքանչյուր կողմից առնվազն 1200 ռազմագերիների փոխանակում իրականացնել:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև փոխանակել ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց:

Վլադիմիր Մեդինսկին ընդգծել է, որ ներկայում ուկրաինա-բելառուսական սահմանին ավարտվում է գերիների փոխանակումը «250-ը 250-ի դիմաց» սկզբունքով:

Կշարունակվեն նաև ռազմական գործողությունների գծում ծանր վիրավորների և հիվանդների անժամկետ սանիտարական փոխանակումներն Ուկրաինայի հետ:

ՌԴ–ն առաջարկել է քննարկել կարճատև` 24-48-ժամյա հրադադարների հարցը՝ վիրավորներին և զոհված զինվորների մարմինները հավաքելու համար։

Ռուսաստանն առաջարկել է նաև Կիևին հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս 3000 մարմին։

Մեդինսկին հայտարարել է, որ երբ ուկրաինական կողմը տեխնիկապես պատրաստ կլինի ընդունել զոհվածների մարմինները, Կարմիր խաչի միջոցով գործընթացը կիրականացվի։

Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված քաղաքացիական անձանց վերադարձի հարցը:

Մեդինսկին ընդգծել է, որ Կիևը պետք է պարզաբանի Ուկրաինայում պահվող Կուրսկի շրջանի 30 քաղաքացիական անձանց կարգավիճակը: Ռուսաստանը պատրաստ է նրանց փոխանակել Ուկրաինայի ԶՈւ–ի գերիների հետ։

Նրա խոսքով՝ պարզ չէ պատճառը, թե ինչու են Կուրսկի շրջանի խաղաղ բնակիչները պահվում Ուկրաինայում։

Ուկրաինական պատվիրական ղեկավար Ռուստեմ Ումերովն իր հերթին հայտնել է, որ Կիևը ռուսական կողմին առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումն անցկացնել մինչև օգոստոսի վերջ։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին շեշտել է՝ Պուտինի և Զելենսկու հանդիպումը պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի, և այն պետք է վերջակետ դնի հակամարտությանը։