կարևոր
1189 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-03 19:50
Հասարակություն

Սա պետական մակարդակով գիտության դեմ իրականացված թալան է․ Հրայր Կամենդատյան

Սա պետական մակարդակով գիտության դեմ իրականացված թալան է․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․

«ՀՀ գիտությունների ազգային Ակադեմիայի տարածքում բացվել է սրճարան։ Բաղրամյան փողոցի վրա տեղի ունեցած այս «բացումը» իրականում փակող քայլ է։ Փակվում է գիտության, կրթության, ակադեմիական արժանապատվության հնարավորությունը։ Շրջանակների խանութի տարածքը, որն առաջ օգնում էր մարդկանց արվեստաճանաչ կրթվելուն, գիտությամբ զբաղվելուն, մեկ գիրք կամ նկար, բացիկ գնելու ճանապարհով ծառայել էր իրական գործի, այսօր վերածվել է սրճարանի՝ հօգուտ փողի, կապերի և ցինիզմի։

Ի՞նչու է դա կատարվել։ Պարզ է՝ «ակադեմիական նպատակ» արտահայտությունը ընդամենը պատրվակ է եղել տարածքը պետական գրպանից վերցնելու, ապա օլիգարխիկ կամ իշխանական շրջանակներին հանձնելու համար։

Ի՞նչու դա չի ծառայելու գիտնականին։

Որովհետեւ գիտնականը Հայաստանում ստանում է ընդամենը 100-150 հազար դրամ։ Իսկ այդ սրճարանում մեկ լատտեն կարող է արժենալ գիտնականի կեսօրյա աշխատավարձը։ Նրանք, ովքեր ուզում են լուռ աշխատել, գիրք կարդալ, վերլուծել, չեն կարող իրենց թույլ տալ նստել այդտեղ, դա էլ եթե նույնիսկ ագրեսիվ երաժշտությունն ու վարձով հաճախորդներին քմահաճ սպասարկումը չխանգարեն։

Այս տարածքը հանվել է հանրային բարիքի դաշտից ու փոխանցվել է կոմերցիայի, կապերի ու վերնախավի սպասարկման ոլորտ։ Գիտնականը այս սրճարանում տեղ չունի, իսկ ակադեմիական նպատակը դարձել է մերկ վիրավորանք։

Սա թուք է ակադեմիական աշխարհի վրա՝ շքեղ փրփուրով ծածկված անարգանք։

Այս սրճարանի պատմությունը պարզապես անբարոյական բիզնես չէ։ Դրա հետևում կանգնած է հենց ԿԳՄՍ նախարարությունը՝ այն կառույցը, որ կոչված է պաշտպանել գիտությունը, կրթությունը և մշակույթը, այլ ոչ թե վերածել պետական գույքը կոմերցիոն շոուների, սրճարանային խալաթների ու փրփրած կապուչինոյի գործարանի։

Նախարարությունը, փոխանակ գիտնականին արժանապատիվ աշխատավարձ տալու, լաբորատորիա բացելու, գրադարան պահելու կամ շրջանակների խանութը զարգացնելու՝ զբաղված է անշարժ գույքի մութ վերանախագծումներով։ «Ակադեմիական նպատակ»՝ այս շողոքորթ արտահայտությունը պարզապես շղարշ էր՝ տարածքը վերցնելու, նորից վերաձեւավորելու և տալու ինչ-որ մի իշխանամերձ գործարարի, ով գիտությունից այնքան հեռու է, որքան էթիկայից այս որոշումը։

Սա ակադեմիական միջավայրի ոչնչացման պետականորեն ղեկավարվող օրինակ է։ Սա ապացույց է, որ ԿԳՄՍ նախարարությունը ոչ թե ծառայում է գիտնականին, այլ ծառայում է փողին։ Իսկ գիտնականը՝ ինչպես միշտ՝ լուռ, արհամարված, մոռացված։ Նա այս սրճարանում ոչ միայն տեղ չունի, այլև նրա անունով են խլել տարածքը, հետո հենց նրան արգելել մուտք գործել։

Սա պետական մակարդակով գիտության դեմ իրականացված թալան է՝ կեղծ խոստումներով, իրական կապերով ու սառը փողով»։